ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ բռնի տեղահանվեց Արցախից. Թրամփի արձագանքը Հարրիսին և նրա վարկանիշի աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ մրցակցությունն ու նախընտրական քարոզչությունը թեժանում է: Երկու թեկնածուներն էլ փորձում են քվե հավաքել՝ ի հաշիվ տարբեր էթնիկ կամ կրոնական խմբերի, գենդերային փոքրամասնությունների եւ նույնասեռական համայնքի հույզերի:

Նախընտրական քարոզարշավում հատկապես կարեւոր տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասը՝ առկա խնդիրներով եւ մարտահրավերներով: Հայերը այս մրցապայքարից եւս անմասն չեն մնացել:

Նախընտրական պայքարի մեկնարկից ի վեր թե՛ հանրապետականները, եւ թե՛ դեմոկրատները իրենց ելույթներում բազմիցս անդրադարձ են կատարել Հայոց Ցեղասպանությանը, արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Դեռեւս շաբաթներ առաջ՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը ամերիկահայ համայնքին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել էր. «Այս կարեւոր օրը նշելուն զուգահեռ՝ հարկավոր է միշտ հիշել նաեւ Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին եւ ուղարկվեցին մահվան: Դա մի ողբերգություն է, որը շարունակում է ձեւավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար» եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից:

Ես կշարունակեմ աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս պայքարել հանուն ազատության եւ արդարության: Հավատարիմ եմ մնում մեր երկրների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ի ցույց են դնում մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ», – ասված էր շնորհավորական ուղերձում:

Հարրիսի ուղերձին արձագանքել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով անցյալ օրը Truth սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ասված յուրաքանչյուր խոսք մեծ ազդեցություն կարող է թողնել մրցապայքարի ելքի վրա եւ հայերի վերաբերյալ արված արտահայտությունները հավասարապես ազդեցություն ունեն, ինչպես այլ ոլորտների մասին, կամ այլ խմբերին ուղղված ելույթներն ու գրառումները: Թե ինչքանով կապ ունի Թրամփի մեկ օր առաջ արված գրառումը նրա վարկանիշի բարձրացման հետ, դժվար է ասել: Սակայն այն արդեն իսկ տրամադրությունների փոփոխության պատճառ է դարձել հայ համայնքի ներսում:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, անդրադարձ կատարելով ԱՄՆ նախագահի թեկնածուի այս վերջին հայտարարությանը, նշել է.

«Նախագահ Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ զինելով եւ քաջալերելով Ալիեւի ռեժիմի 2020թ․ հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելը, պետք է փաստացի արդյունքներ գրանցի մինչեւ ընտրությունների օրը։ Նա կարող է սկսել՝ հրապարակայնորեն սատարելով արցախցիների վերադարձի իրավունքը եւ անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնին քվեարկության դնել թիվ 7288 բանաձեւը… Չնայած մենք ուրախ ենք տեսնել, որ մեր համայնքի կայուն ներգրավվածությունը ստիպել է Արցախին եւ Հայաստանին վերաբերող հարցերը բերել ընտրական քննարկումների դաշտ, այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք եւ արժանի ենք ավելիին, քան խոսքերը»։

Նշենք, որ այս պահի դրությամբ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների հաղթելու հավանականությունը գրեթե հավասար է: «New York Times» ամսագրում հրապարակված Էքսիթ փոլի համաձայն՝ Թրամփը Հարրիսին զիջում է 1 տոկոսով միայն՝ հավակնելով ընտրողների 48 տոկոսի ձայներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հուրի Բաղդասարյան




Լրահոս