ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Արփի Գաբրիելյանը՝ երկվորյակ քույրերի կերպարում․ «Բախտի տերը» կատակերգության հերոսներն ու հայտնի հյուրերը՝ կարմիր գորգի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքի ճոխ ու գլամուր կյանքի սովոր Ժանետն ու գյուղական կենցաղով ապրող Անետը երկվորյակ քույրեր են՝ հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիները։

Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ՝ ապրելով գյուղական կենցաղով։
Տատիկը մահանում է՝ իր պայծառատեսի շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։

Ճակատագրի բերումով քույրերը ստիպված են փոխվել տեղերով և կենցաղով, իսկ անսպասելի զարգացումները ստիպում են քույրերին տարբեր փորձությունների միջով անցնել։

Երկու քույրերի այս հետաքրքիր կյանքի պատմություն է ընկած «Շարմ հոլդինգի» «Բախտի տերը» ֆիլմի սյուժեի հիմքում, որը երեկ մեծ էկրան բարձրացավ։

Երկվորյակ քույրերին մարմնավորում է դերասանուհի Արփի Գաբրիելյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց՝ թեև բարդ էր միաժամանակ երկու կերպար կերտել, բայց և շատ հետաքրքիր, իսկ նկարահանումների արդյունքում սովորել է գյուղական հետաքրքիր առօրյա կյանքին․

«Սովորել եմ տրակտոր վարել, մեխանիկական մեքենա քշել, խոզերի հետ աշխատել։ Մեկ վայրկյան անգամ չեմ զզվել կամ վախեցել, հակառակը՝ ինձ շատ հետաքրքիր էր, շատ եմ սիրել այս գյուղական միջավայրը: Նկարահանումներն անցել են հիասքանչ Դսեղում, որտեղ բոլոր առումներով, շատ գեղեցիկ մարդիկ են ապրում»,-ասաց դերասանուհին։

Ֆիլմի մյուս առանցքային կերպարներին մարմնավարում են դերասաններ Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանը, Մարինե Պետրոսյանը։

Բեմադրող ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։

«Բախտի տերը» ռեժիսոր Գրիգ Վահրամյանի առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Ռեժիսորը, խոսելով ֆիլմի մասին, շեշտում է, որ նկարահանման ընթացքում ամենամեծ բարդությունն իր համար այն է եղել, որ կադրում իրական զույգ քույրեր չէին լինելու․

«Դա մասնագիտական բարդություն էր, որը պետք էր հաղթահարել: Շատ ուրախ եմ, որ հենց Արփին է ընտրվել այս դերի համար, քանի որ մինչ օրս երբ մտածում եմ, թե ով կարող էր մարմնավորել հերոսուհիներին, մտքովս այլ համապատասխան մարդ չի անցնում: Սա իմ առաջին համագործակցությունն էր Արփիի հետ, ու ես նրանից շատ գոհ եմ»,- ասաց ռեժիսոր Գրիգ Վահրամյանը։

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը, խոսելով ֆիլմի ստեղծման ընթացքի մասին, նշեց․

«Շատ խիստ էի, քանի որ իմ ընկերը՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում, շատ լավ գիտեի՝ որքան սրտացավ է: Շնորհակալ եմ նրան, որ ամեն բան ստացվեց, ի վերջո, երբ ֆիլմը հաջողում է, համարում են թիմային աշխատանք է, իսկ երբ ֆիլմը վատն է, ասում են՝ ռեժիսորն է մեղավոր, բայց, կարծես, ամեն բան լավ է ստացվել»,-ասաց Արման Միտոյանը:

ArmLur.am-ը ներկա է ֆիլմի պրեմիերային և ֆիքսել միջոցառման հայտնի հյուրերին։

 

Քրիստինա Մուշեղյան, Աննա Սրապիոնյան, Էմմա Մարտիրոսյան




Լրահոս