Ինչ արտակարգ դեպքեր են գրանցվել ՀՀ-ում 2023 թվականին․ ուշագրավ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2023 թվականին ի՞նչ արտակարգ դեպքեր են գրանցվել Հայաստանի Հանրապետությունում։

Այսպիսով, 2023 թվականին հանրապետությունում գրանցվել է 13 953 արտակարգ դեպք, տուժել է 16 330 մարդ (516 զոհ, 15 814 վիրավոր), 197-ը՝ փրկվել, իսկ 5 422-ը՝ տարհանվել է:

Տարերային վտանգավոր երևույթներից տուժել է 10 մարդ, որոնցից 1-ը՝ կին։ Զոհվել են 4-ը, իսկ վիրավորվել 6-ը, որոնցից 1-ը՝ կին։ Փրկվել է 1 հոգի։ Տարհանվել է 5143 հոգի։

Տեխնածին արտակարգ դեպքերից 2023 թվականին տուժել է 7125 անձ, որոնցից 2592-ը կանայք։ Տեխնածին արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 428 մարդ, որոնցից 110-ը կանայք։ Վիրավորվել է 6697 անձ, որոնցից 2482-ը՝ կին։ Փրկվել է 194 անձ, որոնցից 37-ը կին։ Տարհանվել է 279 մարդ։

Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերից տուժել է 9195 մարդ, որոնցից 3788-ը կանայք են, զոհվել են 84-ը, որոնցից 36-ը կանայք են։ Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերից վիրավորվածների քանակը շուրջ 9111 է, որոնցից 3752-ը կանայք են, իսկ փրկվել է ընդամենը 2 մարդ։ Տարհանվածներ չեն եղել։

Գրանցված արտակարգ դեպքերի 4.2%-ը բաժին է ընկել տարերային վտանգավոր երևույթներին, որոնց հետևանքով տուժել է 10 մարդ (4 զոհ, 6 վիրավոր), 1-ը՝ փրկվել, 5 143-ը՝ տարհանվել:

Ուժեղ քամու, փոթորիկի, մրրիկի, պտտահողմի, փոշեփոթորիկի 99 դեպք է գրանցվել 2023 թվականին, որի պատճառով տարհանվել է 3 մարդ։ Տուժած մարդիկ չկան։

Ամպրոպի և կայծակի 7 դեպք է գրանցվել, որից տուժել է 5 մարդ, 3-ը վիրավորվել են, 2-ը զոհվել։ Տարհանված անձինք չեն եղել։

2023 թվականին տարերային վտանգներից կարկուտի 37 դեպք է գրանցվել, որից տուժածներ, զոհվածներ և տարհանվածներ չկան։ Տեղատարափ անձրևի 19 դեպք է գրանցվել, որի հետևանքով 11 մարդ տարհանվել է։

Ձյան առատ դեպքերը 2023 թվականին գրանցվել են 9-ը, որի պատճառով տարհանվել է 1037 մարդ։

Բքի և ձնահողմի 30 դեպք է գրանցվել, որի պատճառով տարհանվել է 3081 մարդ։ Մերկասառույցի 92 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1009 մարդ տարհանվել է։

Ցրտահարություն վեգետացիոն շրջանում գրանցվել է 2, սողանքի, հողասանքի 3, սելավի 4 դեպք։ Տուժածներ չեն եղել։

Դարափուլի (փլվածք, նստվածք) դեպք 2023 թվականին գրանցվել է 12-ը, որի հետևանքով տուժել է 3, մահացել 2, վիրավորվել 1 մարդ։ Փրկվել է 1 մարդ։

Քարաթափվածքի դեպքերը եղել են 46-ը, որից տուժել է 1 և վիրավորվել նույնպես 1 մարդ։

2023 թվականին ձնահյուսի 1 դեպք է գրանցվել, որից տուժածներ, զոհվածներ և տարհանվածներ չկան։

Անտառային հրդեհների 22 դեպք է տեղի ունեցել, իսկ տորֆային հրդեհի 2 դեպք։ Տուժածներ, զոհվածներ և տարհանվածներ այս դեպքերի պատճառով չկան։

Հեղեղման, գետերի վարարումների 4 դեպք է գրանցվել 2023 թվականին, որի հետևանքով 2 մարդ տարհանվել է։

2023 թվականին երկրաշարժների գրանցված թիվը 55-ն է, սակայն, բարեբախտաբար, երկրաշարժի հետևանքով տուժածներ, զոհվածներ և տարհանվածներ չկան։

Գրունտային ջրերի մակարդակի բարձրացման 2 դեպք է գրանցվել, որից տուժածներ չկան։

Վայրի կենդանիների հարձակման 145 դեպք է գրանցվել, որից տուժել և վիրավորվել է 1 մարդ։

Քաղաք Երևանում տարերային վտանգավոր երևույթների 34 դեպք է գրանցվել, Արագածոտնի մարզում՝ 49, Արարատի մարզում՝ 7, Արմավիրի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 52, Կոտայքի մարզում՝ 38, Շիրակի մարզում՝ 33, Սյունիքի մարզում՝ 65, Վայոց ձորի մարզում՝ 179, Տավուշի մարզում՝ 46։

Հավելենք նաև, որ 2023 թվականին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1737 ղեկավար և մասնագետ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս