ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը կապված է եղել նրանց հոր՝ ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթով. սակայն սա վերջը չէ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ենթադրյալ պայթյուն իրականացնողը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին (մեջբերում)՝ «Հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու»։
Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ ամենասկզբից. 2022 թվականի օոգոստոսի 31-ին Երեւանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն», – ասել է Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր Սարգսյանին պատկանող՝ Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականությո՞ւն է եղել, թե՞ ՔՊ-ական պատգամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն:
«Շուրջ 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են: Դատելով իրավիճակից՝ հետախուզվող անձը հենց Ռուբեն Կասյանն է, քանի որ Armlur.am-ի ձեռքում է հայտնվել ՀՀ քնչական կոմիտեում առկա մի փաստաթուղթ, որտեղ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ ու Նաիրի Սարգսյանների հորը՝ Զարեհ Սարգսյանին պատկանող, Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո ենթադրյալ հանցագործ Ռուբեն Կասյանը նամակ է ուղարկում Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին (Տե՛ս պատճենված երկխոսությունը):
Եվ ահա, նկատենք, որ ենթադրյալ հանցագործին իրավապահները դեռ փնտրում են, իսկ ահա ՔՊ պատգամավորի եղբայրը հրավիրվել է քննչական կոմիտե ու հարցաքննվել է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ