ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը եւ էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը:

 

Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է գիտաժողովի խորագրին՝ ընդգծելով պրոֆեսիոնալիզմի եւ էթիկայի կարեւորությունը հատկապես դժվարին ժամանակներում, երբ թանգարանային ոլորտը բախվում է տարբեր մարտահրավերների: Նրա դիտարկմամբ՝ միշտ չէ, որ այդ դժվարությունները պայմանավորված են տնտեսական բաղադրիչով: Նախարարի տեղակալն իբրեւ մարտահրավեր նշել է արդի տեխնոլոգիաների ներդրումը, ինչը ոլորտի զարգացման կարեւորագույն բաղադրիչ է, սակայն պահանջում է ժամանակ եւ համառ աշխատանք:

Թանգարանների ոլորտում իրականացրած նշանակալից իրադարձություններից նախարարի տեղակալը մատնանշել է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացումը, որտեղ ցուցադրվում են Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը եւ ձեռքը: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը հիշատակել է նաեւ Գրականության եւ արվեստի թանգարանի համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ. Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի եւ նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի՝ Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորության արարողությունը, որին հաջորդել է Փարիզի ազգային պանթեոնում թանգարանի հավաքածուից 3 ցուցանմուշների ցուցադրությունը, Ռուսական արվեստի թանգարանի եւ «Տրետյակովյան պատկերասրահի» համագործակցությունը: Միջազգային խոշոր ծրագրերից Ալֆրեդ Քոչարյանն առանձնացրել է նաեւ Սերգեյ Փարաջանովի 100 եւ Երվանդ Քոչարի 125-ամյակներին ընդառաջ Պոմպիդուում կազմակերպված հոբելյանական ցուցադրությունները:

Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Հայաստանից եւ 11 երկրից: Ոլորտի մասնագետները հանդես կգան զեկուցումներով, տեղի կունենան ԻԿՕՄ-ի` համատեղ տարեկան գիտաժողովներում ընդունված ձեւաչափերով մասնագիտական քննարկումներ եւ հանդիպումներ։

Գիտաժողովի գլխավոր զեկուցողներն են պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, Բարսելոնայի համալսարանի մշակութային կառավարման ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Լուիս Բոնեթը, գերմանացի էթնոլոգ, հետազոտող դոկտոր Քեթրին Փաբսթը: Բանախոսները ընդարձակ զեկույցներ կներկայացնեն պատերազմական կամ այլ դժվարին պայմաններում թանգարանների առջեւ ծառացող հիմնախնդիրների վերաբերյալ: Գիտաժողովի երրորդ օրը Երեւանի պետական համալսարանում ուսանողների համար նախատեսված են հատուկ սեմինարներ, որոնք կվարեն ԻԿՕՄ ԻՔԹՕՓ-ի եւ ԻԿՕՄ ԱՅՍԻ ԷԹԻՔՍԻ խորհրդի անդամները։ Գիտաժողովին մասնակցությունը նախապես գրանցումով է։

Գիտաժողովի իրականացմանն աջակցել են նաեւ Երեւանի պետական համալսարանը, Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանը։

 

 

 

ԳՆԻ ԿԵՍԻ ՉԱՓՈՎ՝ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հոկտեմբերի 14-ին որոշում է ընդունել 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած հեղեղումներից առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների համար տրամադրել 29 միլիոն 201 հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցության՝ ըստ հավելվածի։ Սակայն որոշման հավելվածը Տավուշի մարզպետարանը չի հրապարակել, հայտնի չէ, թե այդ 29 միլիոնը ջրհեղեղից տուժած քանի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ եւ որքան չափով է տրվել։ Եթե ջրհեղեղից տուժած տրանսպորտային միջոցների տերերին տրված գումարը պատճառված վնասին համարժեք լիներ, մարզպետի որոշման մեջ գրված կլիներ՝ ֆինանսական փոխհատուցում, ոչ թե աջակցություն։

Կառավարությունը պետական բյուջեից մեկ միլիարդից ավելի դրամ է հատկացրել պաշտոնյաների համար  ծառայողական շքեղ՝ 50, այդ թվում՝ 110 հազար դոլարանոց ավտոմեքենա գնելու համար, սակայն ջրհեղեղից տուծած տրանսպորտային միջոցների տերերին որպես ֆինանսական աջակցություն ընդհանուր հատկացրել է ընդամենը 29 միլիոն դրամ։




Լրահոս