Բլոգեր Արթուր Չախոյանը իր վրա կատարած մահափորձը հասցեագրել է «ՔՊ»-ին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից 1 օր առաջ, 3 անձ հարձակվել է Արթուր Չախոյանի վրա և փորձել դանակահարել հենց իր տան շքամուտքի առաջ։
Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է՝ իր վրա մահափորձ կատարած անձանցից մեկը Էդգար Կուչուկյանն է՝ «գուսիկ» մականվամբ, իսկ Մարիամ Փաշինյանի կողքին կանգնած տղան Անդրանիկ Նավասարդյանն է՝ վերոհիշյալ Կուչուկյանի ընկերը։
ArmLur.am-ի հետ զրույցում Չախոյանն ասաց, որ անձնապես չի ճանաչել Էդգար Կուչուկյանին, սակայն ասաց, որ ինքը վնասազերծել է Կուչուկյանին և հանձնել ոստիկանությանը։
«Ես վնասազերծել եմ իրեն, հանձնել ոստիկանությանն ու իր անձը հայտնի է դարձել։ Տվյալ գործն արդեն դատարանում է, բայց տեղից չի շարժվում»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Չախոյանը։
ArmLur.am-ի հարցին, թե ինչո՞ւ տեղից չի շարժվում այդ քրեական գործը, Չախոյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով պատճառն այն է, ինչպես ԱԺ-ում արդեն հայտնի իշխանավորները հայտնել են, որ դատարանի վրա ճնշումներ են գործում դատավորների վրա և այլն, իմ կարծիքով հենց նույն սկզբունքով իմ քրեական գործի վրա ճնշում են գործադրել, որ քրեական գործը պատշաճ չքննեն և դատական դատավարությունը պատշաճ տեղից չշարժվի»։
Աննա Սրապիոնյան