Տան ընտրությունից մինչև վարկավորում. ամբողջ գործընթացն`օնլայն: Ամերիաբանկը մասնակցում է Տուն էքսպոյին՝ ներկայացնելով հիփոթեքային օնլայն վարկավորման համար նախատեսված MyHome հարթակը: Այն իր բնույթով առաջինն է շուկայում, որը հնարավորություն է տալիս ընտրել բնակարան և վարկավորման ողջ գործընթացն անցնել օնլայն:
Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ MyHome-ի ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ են ունեցել անշարժ գույքի ձեռքբերման գործարքները դարձել ավելի ճկուն և հարմարավետ հաճախորդների համար։
«Հաճախորդները MyHome.am հարթակի օգնությամբ կարողանում են գտնել իրենց նախընտրած տունը, տեղում դիմել հիփոթեքային վարկի համար ու հաշված րոպեների ընթացքում ստանալ հաստատումը։ Դրանից հետո ամբողջ գործընթացը նորից տեղի է ունենում առցանց, բանկ հաճախելու անհրաժեշտություն չկա։ Միայն պետք է այցելել նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար»,- ասաց Գրիգորյանը:
Ամերիաբանկ հիփոթեքային վարկի համար կարող են դիմել ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցները։
«Մենք ներկայացնելու ենք նաև պետական աջակցության այն ծրագրերը, որոնց միացել է Ամերիաբանկը և որոնք լրացուցիչ վարկային արտոնություններ են տալիս հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք։ Ամերիաբանկը ՀՀ հիփոթեքային շուկայում ունի 22 տոկոս մասնաբաժին, և տարիներ շարունակ շուկայի առաջատարն է։ Մեր հաճախորդների վստահությունը և հետաքրքրվածությունն ավելացել է, ինչի արդյունքում մեր հիփոթեքային վարկային պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 միլիարդ դրամի աճ՝ հատելով 285 միլիարդի շեմը»,- ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը։
Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանն էլ նշում է, որ Տուն էքսպոն տարվա կարևոր միջոցառումներից է և մեկ հարթակում է միավորել շուկայի բոլոր մասնակիցներին՝ գնորդներին, վաճառողներին, բանկերին, կառուցապատողներին և բրոկերներին։
«Մենք մշտապես կարևորել ենք մեր հաճախորդների կարիքների լավագույնս բացահայտումը և այսօր նույնպես ունենք հնարավորություն՝ լսելու նրանց առաջարկները, ինչը մեզ կօգնի բարելավել մեր պրոդուկտային պայմանները հետագայում։ Մեր կառուցապատողների հետ կառուցում ենք կայուն, վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ։ Այսօր համատեղ մշակել ենք հատուկ առաջարկներ, ինչը հնարավորություն կտա Տուն Էքսպոյի մասնակիցներին ձեռք բերել իրենց երազանքների գույքն ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի ցածր գնային պայմաններով»,- ասաց Աղայանը։
Էքսպոյի այցելուների համար Ամերիաբանկն առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման օնլայն վարկի համար սահմանել է ավելի ցածր տոկոսադրույք՝ տարեկան 13%-ի փոխարեն 12.5%։
Ամերիաբանկը հիփոթեքային վարկ է առաջարկում նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Անկախ բնակության վայրից ու Հայաստանում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից նրանք կարող են գնել, վերանորոգել կամ կառուցել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։ Վարկավորումն իրականացվում է առանց տրամադրման ու սպասարկման վճարների։
Ամերիաբանկը հատուկ առաջարկ ունի նաև ներդրումային և գրավով ապահովված վարկերի համար: Բանկի ներդրումային վարկը Հայաստանում առաջին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում:
«Տվյալ վարկերը տրամադրում ենք մինչև 20 տարի մարման ժամկետով, տարբեր արժույթներով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Տուն էքսպոյի շրջանակում ունենք բացառիկ արտոնություններ տվյալ վարկատեսակի մասով, ինչի համար բոլորին հրավիրում ենք մեր տաղավար՝ բաց չթողնելու այս մեծ հնարավորությունը ներդրումային գույքի սեփականատեր դառնալու համար»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը։
Ամերիան էքսպոյի այցելուներին առաջարկում է տարեկան 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, տարեկան համապատասխանաբար 13%, 9,5% և 7,5%։
Էքսպոն բաց է մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ։
Էմմա Միքայելյան