Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները 2024 թվականի հոկտեմբերի 10-ին համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այցի ընթացքում օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:
Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր:
Բարձրացված հարցերն օմբուդսմանների ներկայացուցիչները տեղում քննարկել են Կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողի հետ: Վերջինս վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:
«Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում օմբուդսմանական գործընկեր կազմակերպությունների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից»,–ասված է հայտարարությունում: