Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստանալու ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ըստ նախընտրական շտաբի ընտրատեղամասերից ստացված նախնական տեղեկատվության՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երաշխավորված մեծամասնություն է ստանալու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետի խոսքերը ճեպազրույցից։

«Ըստ նախնական տեղեկությունների, որոնք մենք ստանում ենք տեղական նախընտրական շտաբից՝ «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է վստահ մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում», – ասել է Կալաձեն։

Չնայած դրան՝ քաղաքական գործիչը երկրի բնակիչներին կոչ է արել էլ ավելի ակտիվ լինել, որպեսզի «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա։

Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ին ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս։

Վրաստանում առավոտյան 8։00-ից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։

Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։

Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։

Հաղորդվում է, որ քվեարկության գործընթացը կտևի մինչև ժամը 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ 

ՎրաստանիԿԸՀ-ում ամփոփիչ ճեպազրույցը նշանակված է ժամը 22:00-ին։




Լրահոս