ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1985-89 թվականներին աշխատել եմ Չարբախի շուկայում որպես հսկիչ: Երբ աշխատանքից դուրս եմ եկել, աշխատանքային գրքույկս չեմ վերցրել: Այժմ պետք է թոշակի անցնեմ, եւ անհրաժեշտ է իմ աշխատանքային գրքույկը, բայց հիմնարկությունը վաղուց լուծարվել է, եւ այն չեմ կարողանում գտնել: Առեւտրի վարչությունում ասացին, որ միգուցե ազգային արխիվում լինի: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` այն արխիվում է, թե ոչ:

Արայիկ Աֆրիկյան, 63 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե տվյալ հիմնարկ ձեռնարկությունն իր փաստաթղթերը հանձնել է ազգային արխիվ, ապա հնարավոր է, որ այն լինի արխիվում: Պարզելու համար քաղաքացիները սովորաբար գալիս են արխիվ եւ դիմում գրում, երկու շաբաթ անց արխիվում պատասխանում են` կա, թե ոչ: Իսկ եթե տվյալ փաստաթուղթը շտապ է պետք, եւ մարդը չի կարող երկու շաբաթ սպասել, ապա այն արագ գտնելու համար կա հատուկ վճարովի ծառայություն: Գրասենյակի պատին սակագները փակցված են, ծանոթանալուց հետո քաղաքացին տվյալ ծառայության համար բանկում վճարում է կատարում եւ վերջ: Ինչ վերաբերում է Չարբախի շուկային, ապա դա առեւտրի վարչության հետ է կապված, եւ արխիվում նման փաստաթղթեր չկան:

ՀՀ ազգային արխիվ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է նաեւ, որ լուծարման փուլում գտնվող կազմակերպությունները, օրենքի պահանջի համաձայն, պարտավոր են գործընթացի ավարտին փաստաթղթերը հանձնել ազգային արխիվին: Եթե դրանք բացակայում են, ապա մեղքի բաժին չունի ո՛չ ազգային արխիվը, ո՛չ էլ առավել եւս այս կառույցին դիմող քաղաքացին: Միակ մեղավորը լուծարված կազմակերպության ղեկավարությունն է, որն անփութության պատճառով հարկ չի համարել թղթերն արխիվին հանձնել: Կա նաեւ հետեւյալ տարբերակը. արխիվ դիմելուց հետո արդյունքի չհասնելու դեպքում քաղաքացին ինչ-որ եղանակներով կարող է գտնել արդեն գոյություն չունեցող կազմակերպության տնօրենին` հույսով, որ միգուցե նրա մոտ պահպանված լինի իր աշխատանքային գրքույկը:
Նաեւ հաշվի առնենք, որ նման իրավիճակներից խուսափելու լավագույն տարբերակը հիմնարկի լուծարման ժամաակ կամ աշխատանքից դուրս գալուց առաջ նման տեխնիկական խնդիրներին մինչեւ վերջ լուծում տալն է:




Լրահոս