Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Ալիևի ստորագրած հրամանագրից հետո․ քաղաքագետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Նշենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ստորագրել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

-Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ է այս ամենն իրենից ենթադրում։

-Ադրբեջանը պատճառ չուներ դա չստորագրելու, որովհետև այդ փաստաթուղթը բովանդակային առումով խոցելի է Հայաստանի համար։ Ադրբեջանն ուժեղ կողմ է և որևէ խնդիր չունի այդ փաստաթուղթը ստորագրելու համար, այստեղ այլ հարցեր են առաջանում․ դա տեղի ունեցավ Կազանի հանդիպումից անմիջապես հետո, հետևաբար հարց է առաջանում՝ ինչի՞ դիմաց, արդյո՞ք ինչ-որ բանի դիմաց Ալիևը ստորագրեց, այսինքն ստացե՞լ է ինչ-որ այլ բան Փաշինյանից, որ դա ստորագրել է, թե ոչ, սա մեկ։ Երկրորդ հարցը հետևյալն է․ փաստաթուղթ ստորագրելը մի բան է, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը շարունակելը այլ բան է։ Մենք ընդամենը ստորագրության փաստը գիտենք և օրինակ տեղեկացված էլ չենք հաջորդ սահմանագոտին որն է, որտեղ պետք է այդ գործընթացը շարունակվի։

-Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ վտանգներ է այս ամենն իրենից ենթադրում։

-Այդ կանոնակարգը, որը վավերացվել է նաև Հայաստանի խորհրդարանի կողմից, չունի քարտեզային նկարագիր։ Երբ այդ փաստաթուղթը քարտեզային նկարագիր չունի, դա միշտ հնարավորություն է տալու, որպեսզի տարբեր սահմանահատվածներում Ադրբեջանը կամայական մոտեցումներ ցուցաբերի, պահանջներ դնի Հայաստանի առաջ։ Ամեաառարկայական վտանգը դա է։ Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը, անընդհատ ինչ-որ բան անելու դիմաց ինչ-որ բաներ է կորզելու Հայաստանից։ Ընդհանուր վտանգները սրանք են։

-Հայաստանը կրկին կգնա՞ ինչ-որ բան զիջելու քայլին, ի՞նչ եք կարծում։

-Հետպատերազմյան ամբողջ վիճակն ինչի՞ մասին է։ Ցավոք սրտի հենց դրա մասին է, որ Հայաստանն անընդհատ ինչ-որ բան զիջել է։ Հետպատերազմյան ողջ ընթացքը, ցավոք սրտի, դրա մասին է։

-Բայց ի՞նչ եք կարծում, այս անգա՞մ էլ միակողմանի կլինեն զիջումները, թե՞ ամեն դեպքում Ադրբեջանն էլ, հնարավոր է, ինչ-որ բաներ զիջի։

-Ադրբեջանի մոտ ես որևէ բան զիջելու պատրաստակամություն չեմ տեսնում։ Հենց երեկ էլի Հաջիևը խոսել է այդ մասին, որ Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկի առաջին պատերազմի, իրենց բառերով ասեմ, հանցագործներին։ Ցավոք սրտի, իրենց բառապաշարի մեջ չեմ տեսնում զիջելու ինչ-որ պատրաստակամություն։

Աննա Սրապիոնյան




Լրահոս