Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Իսրայելի կողմից իր օդային տարածքը խախտելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքը բողոքի պաշտոնական նոտա է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված այն բանի հետ, որ Իրանի վրա գրոհելիս իսրայելական ինքնաթիռները խախտել են իր օդային տարածքը: Այս մասին հաղորդում է իրաքյան INA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության խոսնակին:

«Իրաքը պաշտոնապես բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով սիոնիստական ​​կազմավորման կողմից Իրաքի օդային տարածքի և ինքնիշխանության դեմ կատարված կոպիտ խախտումը, որի ընթացքում հոկտեմբերի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակում իրականացնելիս օգտագործվել է Իրաքի օդային տարածքը», – նշվում է հրապարակման մեջ։

Իրաքի կառավարության խոսնակ Բասիմ Ալավադիի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքը թույլ չի տալիս իր օդային տարածքը կամ երկրի տարածքն օգտագործել այլ երկրների վրա հարձակվելու համար, հատկապես, եթե դրանք հարևան երկրներ են, որոնց հետ Իրաքը փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերություններ ունի։

Վարչապետ Մուհամեդ Շիա աս Սուդանին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է այս խախտման առնչությամբ կապվել ամերիկյան կողմի հետ՝ անվտանգության և Իրաքի ինքնիշխանությունը պաշտպանելու ու պահպանելու՝ ԱՄՆ-ի պարտավորությունների շուրջ ռազմավարական շրջանակային համաձայնագրի պայմաններին համապատասխան:

Ավելի վաղ Հորդանանի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, որ իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների կողմից չի օգտագործվել Իրանի վրա հարձակվելու համար։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։




Լրահոս