Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 28-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել 15-րդ հարկի բնակարաններից մեկում և տարածվել դեպի 16-րդ հարկի երկու բնակարան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16։50-ին:
Նշվում է, որ այրվել են 15-րդ հարկի բնակարանի հյուրասենյակը (մոտ 20 քմ), բաց պատշգամբը (մոտ 5 քմ) և շքամուտքը (մոտ 6 քմ)՝ գույքով, 16-րդ հարկի բնակարաննեից մեկի պատշգամբը (մոտ 5 քմ)՝ գույքով, հյուրասենյակի պատուհանը և դուռը (մոտ 2 քմ), ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա, մյուս բնակարանում այրվել է արտաքին պատին ամրացված օդորակիչը: