2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 105 մլրդ դրամ, որից 99.1 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ ծախսերին, իսկ 5.9 մլրդ դրամը` կապիտալ ծախսերին:
«Նախարարության ընդհանուր բյուջեն նախորդ տարվա բյուջեից ավելի է 15 տոկոսով»,- ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ՀՀ ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով սոցիալական բնույթ ունեցող եւ գնում չհանդիսացող ծախսերը կկազմեն 87.2 մլրդ դրամ, որից միայն աշխատավարձի վարձատրության եւ դրան հավասարեցված միջոցները` 77.4 մլրդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները` 17.8 մլրդ դրամ:
«Ընթացիկ ծախսերի գծով ունենք 8 մլրդ դրամի ավելացում, որը պայմանավորված է նաեւ Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի եւ այլ ապրանքների ու նյութերի ձեռքբերման անհրաժեշտությամբ»,- ընդգծել է փոխնախարարը:
Արմավիրի եւ Կոտայքի մարզերում արտակարգ դեպքերին եւ պատահարներին արագ արձագանքելու համար նախատեսվում է փրկարարական, հրդեհաշիջման մեքենաների ձեռքբերում եւ շենք-շինությունների շինարարություն:
Նախարարությունը գալիք տարի կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ:
«Առանձին միջոցառումների մասով ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությանը եւ ձեւաչափին համապատասխան` մշակվել եւ բյուջետային հայտում ներկայացվել են 120 արդյունքային ցուցանիշներ, չափորոշիչներ, որից 72-ը` քանակական, 23-ը` որակական, իսկ 25-ը` ժամկետային»,- մանրամասնել է զեկուցողը:
Գերատեսչության ներկայացուցչի տեղեկացմամբ 2024 թվականի առաջին ինն ամիսների հաշվարկով հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի 4.8 տոկոսով նվազում է արձանագրվել: Ընթացիկ տարում 331-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 418-ով` վիրավորների եւ 32-ով` զոհերի թիվը:
Նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից 2024 թվականի ինն ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 125 հազար 124 նույնականացման քարտ: Տրամադրվել է նաեւ 419 հազար 413 քաղաքացու անձնագիր: ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 հազար 876 անձի:
Փոխնախարարը բարձրաձայնել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերը:
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են միգրացիոն քաղաքականությանը, բիոմետրիկ անձնագրերի տրամադրմանը, թմրամիջոցների դեմ պայքարին եւ այլն:
Նույն օրն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում քննարկվել են գալիք տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, պետական պահպանությանը, արտաքին հետախուզությանը նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը