Իշխանականները կարծես գտել են արդարադատության իրենց «սրտի» նախարարին. նա Փաշինյանի սիրած ոլորտից է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կրկին չընտրվեց արդարադատության նախարար, սակայն թեկնածուների շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է։

ՔՊ վարչությունում հուսահատության մեջ են. իրենց «սրտի» նախարարին չեն կարողանում գտնել, սակայն ամեն շաբաթվա նիստում կա նախարարի մի նոր թեկնածու, որին չեն ընտրում։ Այս անգամ ՔՊ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Կընտրվի նա վարչության կողմից թե ոչ՝ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախկին նախադեպերը:

Տեղեկացնենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է։ Սա հենց այն ոլորտն է, որ սիրում է Նիկոլ Փաշինյանը, եւ դեռ հեղափոխության տարիներից վանկարկում էր՝ «Ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»՝ նկատի ունենալով, թե պետությունից գողացվածը հետ է բերելու։

Ստացվում է դա այնքանով, որ Գալյանի կողմից կարգավորվող ոլորտի թիրախում ամեն օր նախկին պաշտոնյաներից որեւէ մեկն է, որոնցից պետք է բռնագանձեն գույքեր եւ միլիոնավոր դրամներ։ Կարծես թե, Գալյանը մոտ է «սրտի նախարար» դառնալու կոչմանը, բայց քանի դեռ չի նշանակվել, դժվար է ասել, որ հենց նա կլինի:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որպես ԱՆ թեկնածու երեկ պետք է ընտրեր հետեւյալ թեկնածուներից՝ Եղիշե Կիրակոսյան, Արմենուհի Հարությունյան, Արփինե Սարգսյան, Գագիկ Ջհանգիրյան. սակայն վերջին պահին իրավիճակը բեկումնային եղավ, չընտրվեց ոչ ոք, առաջադրվեց նոր թեկնածու։

Սրբուհի Գալյանը յուղալի պաշտոններ զբաղեցրել է հեղափոխությունից հետո։ 2018-2019 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ քննչական ծառայության իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ։

2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս