Ֆրանսիայում կանցկացվեն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ,  իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի  ծննդյան  100-ամյակի  հոբելյանին նվիրված  ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում տեղի կունենան կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունները: Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ կվարի վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների հեղինակ Նաիրի Գալստյանը: Տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի աշխատանքների բացառիկ ցուցահանդեսներ։

Միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 30-ին Ալֆորվիլ քաղաքում:  Այնուհետև միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 6-ին Մարսելում, նոյեմբերի 13-ին՝ Լիոնում, նոյեմբերի 20-ին՝ Իսսի Լը Մուլինոում, նոյեմբերի 29-ին՝ Փարիզում։

Միջոցառումների մուտքն ազատ է։

«Սերգեյ Փարաջանովի  ծննդյան  100-ամյակի  հոբելյանին նվիրված  ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագծի նպատակն է ֆրանսիացի հանրությանը ներկայացնել Փարաջանովի հանճարը, հարգանքի տուրք մատուցել մեծ արվեստագետին, արժևորել լեգենդար կինոգործչի գործունեությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ տարածելով Փարաջանովի արվեստը։




Լրահոս