Հայաստանի Սահմանադրական դատարանը իր կայքում հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման եզրափակիչ մասը:
Ներկայացնում ենք այդ կտորն ամբողջությամբ.
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին եւ 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը եւ հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր։
2. Իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու եւ տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր։
3. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի՝ ‹…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը› դրույթը եւ 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր։
4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ‹Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով› դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր։
5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը՝ գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր, հաշվի առնելով նաեւ, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի /հարկային գործակալի/ անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը։
6. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել եւ կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։
7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով եւ ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։
Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
8. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: