30 մլն տարեկան եկամուտ, նոր բնակարան ամուսնու կողմից. ինչ ունեցվածք ունի ԱՆ թեկնածու Սրբուհի Գալյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունի ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալը։

Գալյանը, համաձայն 2023 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։

Տարվա ընթացքում Սրբուհի Գալյանը գնել է հողամաս 7 մլն 980 հազար դրամ արժողությամբ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում։ Տարվա ընթացքում Գալյանը ամուսնուց՝ Պետրոս Մկրյանից ստացել է նվիրատվություն՝ բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Պետրոս Մկրյանը կնոջ հայտարարագրում չկա, գուցե այն պատճառով, որ նախկինի պես չբացահայտվեն նրա հետ փոխկապակցված ընկերությունները և նրա ստացած միլիոնները։

Սրբուհի Գալյանի բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 32 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 600 հազար դրամ և 4 հազար դոլար։

Դատախազի տեղակալի տարեկան եկամուտները կազմել են 30 մլն 689 հազար դրամ։

Եկամուտներից 28 մլն 411 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ գլխավոր դատախազությունից, 992 հազար դրամը որպես աշխատանքի վարձատրություն ստացել է Արդարադատության ակադեմիայից, իսկ 293 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Երևանի պետական համալսարանից։

Եկամուտներից 400 դոլարը The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law (RWI)-ից հեղինակային իրավունքից ստացված եկամուտն է։

Եթե Գալյանի 2023 թվականի տարեկան եկամուտները համեմատենք 2019 թվականի եկամուտների հետ, ապա կարձանագրենք, որ նրա եկամուտները 4 տարում աճել են գրեթե 3,5 անգամ։

Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն 527 հազար դրամ, որից 33 մլն 561 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հիփոթեքի մայր գումարը մարելու համար Գալյանը եկամտահարկի վերադարձի օրենքով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 833 հազար դրամ։

Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, հայտարարագրեր ներկայացրել է միայն 2019 և 2020 թվականներին։ Համաձայն 2019 թվականի հայտարարագրի նա ունի 4 բնակարան, 1 ավտոտնակ, 1 հողամաս։

Մամուլը գրել էր նաև, թե ինչ կոռուպցիոն խճճված պատմությունների մեջ են եղել Գալյանի ամուսինը և սկեսրայրը։

Մանրամասները կարող եք կարդալ ArmLur.am-ի հրապարակումներում։

ՔՊ նախարարի նոր թեկնածուն ու նախկինների հետ կապը

ԱԺ գնումներն ու ՔՊ նախարարի նոր թեկնածուի հետ առնչություն ունեցող ընկերությունը. թանկարժեք ժամացույցներ

Էմմա Միքայելյան




Լրահոս