
Իսպանիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Վալենսիայի ինքնավար համայնքում 51 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղերում փողոցները վերածվել են գետերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են մայրուղիները։
Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում։ Մալագայում գրեթե 300 ուղևորով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան։
Փողոցներով հոսող հեղեղաջրերը մեծ արագությամբ քշել-տարել են մեքենաները։ Տների և մեքենաների տանիքներից մարդկանց փրկելու համար ոստիկանությունը և փրկարարները գործի են դրել ուղղաթիռներ։ Հեղեղներից տուժած շրջաններ է ուղարկվել Իսպանիայի արագ արձագանքման ստորաբաժանումների ավելի քան 1000 զինվոր։
Ըստ կանխատեսումների՝ փոթորիկները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։
Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։