
Վրաստանի դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումների փաստով։ Այս առնչությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանչվել է դատախազություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Նշվում է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության և լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունների՝ Զուրաբիշվիլին ունի վկայություններ հնարավոր ընտրություններում տեղ գտած հնարավոր կեղծիքների վերաբերյալ, այդ պատճառով նա հոկտեմբերի 31-ին կանչվել է հարցաքննության։
«Վրաստանի դատախազությունը կիրականացնի բոլոր անհրաժեշտ հետաքննական և ընթացակարգային գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի հրամանում՝ ուսումնասիրելու Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների կողմից բարձրաձայնված փաստերը։ Բոլոր նրանք, ովքեր տեղեկություն ունեն՝ կապված ենթադրյալ հանցավոր գործունեության հետ, կհարցաքննվեն», – նշված է դատախազության հայտարարության մեջ։
Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել նաև ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին մտահոգություն է հայտնել Վրաստանում «ժողովրդավարության վերջին հետընթացի» առնչությամբ և կոչ է արել հետաքննել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումները։