Հոկտեմբերի 30-ը հայ գրականության մեջ կարևոր օր է, քանի որ այս օրը ծնվել է հայ գրականության ոսկյա մտքերի հեղինակ Ավետիք Իսահակյանը։
Իսահակյանը այն գրողների շարքին է դասվում, որը մեծ ավանդ է ունեցել գրականության մեջ, իսկ հայրենիքին նվիրած սերը անսահման է եղել։
Մի առիթով Իսահակյանն ասել է․ «Երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:
Չնայած նրան, որ մեծն գրողի մահվանից անցել են երկար ու ձիգ տարիներ, թվում է, թե Իսահակյանը ժամանակին մարգարեացել է և տվել մեր օրերի ճշգրիտ բնութագիրը։
Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների առանցքում առաջինը, բնականաբար, հայրենիքն է, կնոջ, մայրական սիրո, կյանքի իմաստի, հավերժության խորհրդի փնտրտուքները։
ArmLur.am-ը ներկայացնում է որոշ հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից և վերջինիս մտքերից։
Սկսենք այն պատմությունից, երբ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը միասին այցելում են Անի՝ հայոց հնադարյան գեղեցիկ քաղաքաներից մեկը։
1901 թվականին Ավետիք Իսահակյանն ու Թումանյանը ուղևորվում են Անի:
Հովհաննես Կոստանյանն էլ անմահացնում է երկու բանաստեղծներին՝ Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ ու ձախ կողմերում կանգնած, որն էլ բավականին հայտնի լուսանկար է:
Երբ Թումանյանը, Իսահակյանն ու Կոստանյանը մոտեցել են Անիի պարիսպներին, մթության մեջ պայթում է հրազենի կրակոց։ Պարզվել է` վանատան պահապանը մթության մեջ կարծել է, թե ավազակներ են: Իսահակյանը այս մասին իր հուշերում ասել է.
«Մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե՝ ինչ պիտի լիներ մեր վիճակը…
-Տո՛, – ասաց Օհաննեսը ծառային, բերդանկա հրացանը տեսնելով,– մի գյուլլով երեք բանաստեղծի պիտի սպանեի՞ր:
-Լավ պրծաք, ըսել է՝ ձեր վերջը չէր եկեր,– ամենայն անտարբերությամբ պատասխանեց ծառան»։
Իսկ ինչպե՞ս են ծնվել Ավետիք Իսահակյանի փառահեղ ստեղծագործությունները սիրո մասին․ երբ Իսահակյանը 16 տարեկան է եղել, սիրահարվել է 14 տարեկան Շուշանիկին և այդտեղից էլ սկսվել է սերը։ Սակայն հետաքրքիրն այն է, որ երբ Իսահակյանը 18 տարեկան է եղել, վիճել է Շուշանի հետ և մի քանի ամիս չեն խոսել, շփվել։
Իսահակյանի սերն այնքան մեծ է եղել, որ Շուշանի մասին ասել է․ «Երբ սիրում էի Շուշիկին, ուրիշ տեսակ մարդ էի, երկրային չէի․․․Իմ ողջ էությունը երգի ու երազի թևերով հյուսեցի նրա սիրելի էության հետ»։
Չնայած նրան, որ Իսահակյանի տողերը բավականին գեղեցիկ են, արտահայտում են սրտի խորքում խնամքով պահված մտքերը, պետք է նշել, որ այս սիրո պատմությունն էլ տխուր ավարտ է ունեցել։ Բանն այն է, որ երբ Իսահակյանը մեկնել է արտասահման սովորելու, այնտեղ լսում է Շուշանիկի ամուսնության մասին և այդ լուրից հետո էլ ծնվում են Իսահակյանի մերժված սիրո պատմությունները․
«Սիրեցի, յարս տարան, յարա տվին ու տարան,
Էս ինչ զուլում աշխարհ է, սիրտս պոկեցին, տարան․․․»։
Ավետիք Իսահակյան ոսկե հանճարի մտքերը ևս խորը, հետաքրքիր են, որոնք մտածելու տեղիք են տալիս։
Ներկայացնում ենք նաև Իսահակյանի մի քանի մտքերից։
1․ «Ոչ թե արտաքին ժպիտով, որ ամեն մարդ կարող է ունենալ, այլ ներքին ժպիտով ընդունել մարդկանց։ Ապրել ներքին ժպիտով»։
2․ «Մարդ չպիտի մտածե աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածը ունայնություն է»։
3․ «Ո՞վ է քո բարեկամդ, ո՞վ է քո թշնամիդ. երկուսն էլ միևնույնն են՝ տարբեր դիմակներով»։
4․ «Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են»:
5․ «Եվ ի՞նչ է փառքը. այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն»:
Աննա Սրապիոնյան