Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տիեզերական կենտրոնը, որտեղ արտադրվում են բալիստիկ հրթիռներ և արձակվում տիեզերական հրթիռներ, վնասվել է հոկտեմբերի 26-ին իսրայելական գնդակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Planet Labs PBC-ի բարձր լուծաչափի արբանյակային լուսանկարները, որոնք ստացվել և վերլուծվել են AP-ի կողմից, ցույց են տվել, որ վնաս է հասցվել Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտավորապես 370 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող Սեմնանի «Շահրուդ» տիեզերական կենտրոնին», – ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, լուսանկարներում երևում են տիեզերական կենտրոնի կենտրոնական շենքի, մի քանի հարևան շենքերի և հանգարի վնասվածքները։ Շրջակայքում ավտոմեքենաներ են երևում, որոնցով, հավանաբար, մասնագետներ են ժամանել վնասը գնահատելու համար, գլխավոր դարպասների մոտ «սովորականից ավելի շատ մեքենաներ» են կայանված։
«Մենք չենք կարող 100 տոկոսով բացառել այն հնարավորությունը, որ դա այլ բան է, բայց գրեթե կասկած չկա, որ այս շենքը վնասվել է իսրայելական գրոհի հետևանքով», – AP-ն մեջբերում է Իրանի գծով փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գիտաշխատող Ֆաբիան Հինցի խոսքը:
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել են, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։ Ամերիկյան Axios հարթակը գրել է, որ իսրայելական հարվածը, ենթադրաբար, կաթվածահար է արել իրանական բալիստիկ հրթիռների արտադրությունը, քանի որ վնասվել են պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար օգտագործվող խառնիչները։
IRNA-ի տեղեկատվության համաձայն՝ Իրանի նավթարդյունաբերության օբյեկտներից ոչ մեկը չի տուժել գրոհից: