«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր թեկնածուներ քննարկելուց հետո երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Սրբուհի Գալյանին առաջադրեց Արդարադատության նախարարի պաշտոնում։
ArmLur.am-ը գրել էր, որ Սրբուհի Գալյանը յուղալի պաշտոններ է զբաղեցրել հեղափոխությունից հետո։
Սրբուհի Գալյանը գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է, այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, մինչ այդ մոտ մեկ տարի եղել է արդարադատության փոխնախարար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի նշանակումը մեծ իրարանցում էր առաջացրել իրավապահ համակարգում։
Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ պաշտոնի նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ:
Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը:
Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրումը Նիկոլ Փաշինյանի որոշումն է եղել, ինչն անակնկալի է բերել ՔՊ-ականներին։
Վարչության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ իր ֆավորիտը հենց Սրբուհի Գալյանն է՝ այդպիսով ուղղորդելով ՔՊ-ականներին նրա օգտին քվեարկել։
Մինչև երեկ իշխանականները վստահ են եղել, որ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է այդ պաշտոնում ընտրվելու։ Արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանն «անակնկալ» է պատրաստել իր թիմակիցների համար՝ Սրբուհի Գալյանին առաջադրելով։
Նշենք, որ երեկ ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունները։
Գագիկ Ջհանգիրյանը նույնպես հնաբնակներից է, նա տարբեր տարիների բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից հեռացել է սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, որը 2022թ–ին իր ասուլիսում հրապարակել էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այդ ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ։
ՔՊ մյուս թեկնածուն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է եղել, որն անհամեմատ ավելի մեծ փորձ ու գիտելիք ունի արդարադատության ոլորտում։
Կիրակոսյանը սկզբում չի ընդունել առաջարկը, սակայն որոշակի պայմաններ է առաջ քաշել, որոնք Փաշինյանի կողմից ընդունվել են, ինչից հետո համաձայնել է նախարարի թեկնածու լինել։
Փաստացի, չնայած նման փորձառու թեկնածուներին՝ Նիկոլ Փաշինյանի ֆավորիտը եղել է Սրբուհի Գալյանը, որն էլ վարչության որոշմամբ արդարադատության նախարարի թեկնածու առաջադրվեց:
Քրիստինա Մուշեղյան