Երևանի 135 մանկապարտեզը «փակել» են. ամիսներ շարունակ ծնողները դռնեդուռ են ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 135 մսուր-մանկապարտեզը (նախկինում թիվ 174 մսուր-մանկապարտեզ) տևական ժամանակ է՝ փակ է։ Փակ լինելու պատճառով շատ ծնողներ, որոնք աշխատում են, չգիտեն, թե ինչ անեն, որպեսզի և՛ երեխան միայնակ չմնա, և՛ աշխատանքից չբացակայեն։

ArmLur.am-ին ահազանգած ծնողներից մեկը ասաց, որ մանկապարտեզը պետք է վերաբացվեր սեպտեմբեր ամսին, սակայն շուրջ երկու ամիս է, ինչ մանկապարտեզը փակ է։

Թիվ 135 մանկապարտեզի հետ կապված հետաքրքիրն այն է, որ դեռ 2021 թվականին, երբ Երևանի քաղաքապետը դեռ Հայկ Մարությանն էր, Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում պետք է հիմնանորոգվեր։ Ըստ այդ ծրագրի, մանկապարտեզում պետք է լիներ էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, պետք է իրականացվեր շենքերի սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, որոնց արդյունքում կկրճատվեին հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև տեղի կունենար արտանետվող CO2 գազի նվազեցում:

Հարկ է նշել, որ այս ամենը միայն թիվ 135 մանկապարտեզի համար չէր նախատեսված, այլ նաև՝ 138, 109, 110, 81 և 161 մանկապարտեզների համար։

Չշեղվելով թեմայից, նշենք, որ խնդրով պայմանավորված ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ, սակայն համացանցում առկա բոլոր հեռախոսահամարները գոյություն չունեն։

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու՝ ինչի՞ համար է փակվել մանկապարտեզը և արդյո՞ք վերաբացվելու է կրկին, որտեղից էլ պատասխանեցին․

«Մանկապարտեզն անպայման վերաբացվելու է, խոսքը առաջիկա ամիսների ընթացքում վերաբացման մասին է։ Այս պահին կոնկրետ օր ասել չեմ կարող, որովհետև մինչև այս պահը, որ պետք է վերաբացվեր, շինարարական, տեխնիկական որոշակի խնդիրներ առաջանալու պատճառով թերությունների շտկման ինչ-որ պրոցես է եղել։ Մեր ունեցած տվյալներով՝ վերջին շտրիխներն են իրականացվում, բայց այս պահին կոնկրետ բացման օր չենք կարող ասել, բայց առաջիկա ամիսներին 90 տոկոս հավանականությամբ մանկապարտեզը կվերաբացվի»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս