44-օրյա պատերազմում կյանքից զրկված զինվորների դիմանկարները վերականգնվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Պուշկին փողոցի բնակելի շենքի պատին 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները և հարակից գրառումները, որոնք կապույտ ներկով էին ծածկել, վերականգնվել են։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծող կինը ինչ է պատմել իրավապահներին, ինչու է գնացել այդ քայլին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին խոստովանել է, որ անձամբ ինքն է գնացել այդ քայլին:

Նա պատմել է, որ ամեն օր անցնում է Պուշկինի 43 հասցեի տարածքում ու մշտապես տեսնում այդ նկարները։ Իրեն զայրացրել է, որ խոսում են մաքուր Երևանի մասին, ու որոշել է 44-օրյա պատերազմի զինվորների նկարների կողքի գրառումները մաքրել ու այդ պահին նաեւ նրանց նկարներն է մաքրել:

Կատարվածից շոկի մեջ են նաեւ տարածքում ապրող քաղաքացիները։ Իսկ նրա դուստրը վստահեցնում է, որ այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում։

Հիշենենք, որ ոստիկանությունից հայտնել էին.

«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, առգրավվել և մշակվել են հսկող սարքերի նկարահանումներ, որոնցում երևում է, թե կինն ինչպես է երկու երիտասարդի խնդրում բացել ներկող նյութի տարան, ինչպես է մոտենում շենքին, ներկով ծածկում նկարը և հեռանում:

Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը պղծած կինը ազատ է արձակվել:

ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին պաշտոնապես հայտնել են, որ կնոջ նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։




Լրահոս