«Գոյ» թատրոնի ամբողջ ստեղծագործական անձնակազմը տևական ժամանակ է ինչ պայքարում է իրենց իսկ թատրոնում ստեղխագործելու համար։
Շուրջ 2 օր թատրոն ստեղծագործական անձնակազմից որոշ անձինք գիշերել են թատրոնում, այդ կերպ ցույց տալով նաև իրենց վճռականությունն ու համառությունը իրենց իսկ իրավունքների չոտնահարման համար։
Հիշեցնենք, որ երեկ էլ «Գոյ» թատրոնի որոշ դերասաններ իրենց փաստաբանի հետ այցելել են ՀՀ գլխավոր դատախազություն։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ArmLur.am-ին ասաց, որ թատրոնից դուրս են եկել առանց ինչ-որ ճնշումների՝ ինքնակամ։
«Պահանջի կատարման արդյունքում դուրս ենք եկել։ Մենք ասում էինք, որ այստեղ այս գործողությունն անում ենք, որ որևէ պետական մարմնի կողմից ինչ-որ արձագանք ստանանք ոչ բանավոր, այլ գրավոր կերպով։ Մենք երեկ գլխավոր դատախազության կողմից ունեցանք արձագանք՝ գրավոր պատասխանի ձևով։ Այն, ինչը, որ օրինակ 1 ամսում պետք է կատարվեր, ասվեր, մենք երեկ դա ունեցանք»։
Արզումանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից իրենց ասել են, որ քրեական գործն արդեն ընթացքի մեջ է դրված և արդեն հարուցվելու են։
«Այդ մասով մենք ունենք արդեն արդյունք։ Սպասելու ու այնտեղ շարունակելու բան չունենք, հիմա մեր ներուժը պետք է դնենք այլ գործողությունների և ուրիշ կառույցներին ճնշելու ուղղությամբ այլ հարցեր բարձրացնելու և լուծում ստանալու համար»,- ասաց Արզումանյանը։
Հետաքրքրվեցինք՝ ո՞ր կառույցին են պատրաստվում դիմել, ինչին ի պատասխան՝ Սարգիս Արզումանյանն ասաց․
«Երեկ հարցում ենք ուղարկել Արդարադատության նախարարություն մասնագիտական վերլուծության հետ կապված, կոնկրետ՝ վարչական դատավարության 83-րդ հոդվածի մասին է, որը կասեցնում է «Սունդուկյան» թատրոնի գործողությունները և իրավունք է տալիս մեզ ստեղծագործելու բնականոն աշխատելու «Գոյ» թատրոնում մինչև դատական վճռի որոշումը։ Հիմա այսօր սպասում ենք Արդարադատության նախարարության պատասխանին, եթե դա բավարարի մեր հարցմանը, մենք կունենանք դա և շատ սիրով գնում ենք մեր դռնից մտնում ենք և սկսում աշխատել մինչև դատարանի որոշում կայացնելը»։
Ստացվում է այնպես, որ «Գոյ» թատրոնը, կարելի է ասել, գրանցել է իր փոքրիկ հաղթանակը։
Աննա Սրապիոնյան