ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջադեպի առնչությամբ դիմում ստացվել է և հիմա ՔԿ Կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստելու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար եւ նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել իրեն դիմողները:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։
Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:
«Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», – ասել էր Քյարամյանը։
Այս հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը:
Ասել է, թե Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է պարզի՝ ովքեր են եղել այն երկու անձինք, որոնք զանգահարել են Արգիշտի Քյարամյանին ու գործի քննությանը միջամտել:
ArmLur.am-ը ՔՊ-ականների շրջանում շարունակում է հետաքննություն իրականացրել։
ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանից հետաքրքվել է՝ արդյո՞ք նա է զանգահարել Արգիշտի Քյարամյանին՝ Հովիկ Աղազարյանի որդու քրեական գործով։