Ծխախոտի տուփի գրաֆիկական պատկերները չեն գործածվել, արդյունք չեն տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը: Հոկտեմբերի 8-ին հոդված էինք հապարակել «Վաճառվող ծխախոտներն ամենևին էլ գրաֆիկական պատկերներով տուփերով չեն» վերտառությամբ։ Հոդվածում նշել էինք, որ հարցումով դիմել ենք Առողջապահության նախարարություն և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Այսպիսով ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին տվյալներ, որոնք ակնհայտ ապացույց են, որ ծխողների թվաքանակը փոփոխության չի ենթարկվել։

Համաձայն Առողջապահության նախարարության՝ իրականացվել է «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» հետազոտությունը։ 2022 թվականին իրականացված այս հետազոտության զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ գտագործողների թիվը կազմել է 27․2 %, որից 53,2%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 2,0% -ը՝ կանայք։

2016 թվականից ի վեր այս տվյալները զգալի փոփոխություն չեն կրել։

2016 թվականին իրականացված նույն հետազոտության համաձայն՝ ծխախոտ օգտագործողների թիվը կազմել է 27,7%, որից 53,4%-ը՝ տղամարդիկ են, իսկ 2,3%-ը՝ կանայք։

Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ, ընդ որում 52%-ը՝ մինչև 70 տարեկան անձանց շրջանում։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական համաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 107 որոշմամբ հաստատված մաքսային միության ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգը, որի 27-րդ կետի իրականացման նպատակով  Եվրասիական տնտեսական համաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի N18 որոշմամբ հաստատել են ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ կանոնակարգի ընդունման նպատակն է մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, ծխախոտի արտադրանքի անվտանգության վերաբերյալ սպառողների մոլորեցման կանխարգելումը՝ ի հաշիվ նոր սպառողների առաջացման կրճատմանը։

Նախարարությունից հավելել են նաև, որ հաշի առնելով վերոգրյալը՝ սպառման նվազեցումը չի կարող լինել այդ միջոցառման գնահատման ցուցանիշ։

ArmLur.am-ը վերջերս գրել էր, որ կանոնակարգի ընդունումից հետո խանութներում վաճառվող ծխախոտերի մեծամասնությունն ամենևին էլ գրաֆիկական պատկերներով տուփերով չեն վաճառվում։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գրաֆիկական պատկերների կանոնադրության ընդունումից հետո կա ուսումնասիրություն՝ ինչպես է փոխվել ծխողների թվաքանակի պատկերը։ Նախարարությունից հայտնեցին, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո ծխախոտի օգտագործման սանդղակում փոփոխության վերաբերյալ վերլուծություն չի իրականացվել։

Հարկ է նշել նաև, որ վաճառակետերում և խանութներում վաճառվող ծխախոտներն ամենևին էլ գրաֆիկական պատկերներով տուփերով չեն։

Հայաստանում 2022 թվականի առաջին եռամսյակում 4 միլիոն սիգարետ է արտադրվել, 2023 թվականին այդ ցուցանիշը գրեթե 4.7 միլիոն է՝ 16.5 տոկոսով ավելին: Այս պատկերը խոսում է ընդունած կանոնակարգի ոչ պատշաճ կատարման մասին։ Կարելի է նաև արձանագրել, որ գրաֆիկական պատկերները համապատասխանաբար նախապես սահմանված նպատակին չեն ծառայել։

Բանավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին և Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ 2024 թվականի ծխախոտի օգտագործման և օրենքի ընդունումից հետո տեղի ունեցած փոփոխությունների մասին տվյալները կարող են տրամադրել միայն համապատասխան հարցման դեպքում, որն արդեն ուղարկված է նախարարություն։

Էկոնոմիկայի նախարարությունից էլ փոխանցեցին, որ հարցի հասցեատերն իրենք չեն։

Հարկ է նշել, որ ծխախոտի վերաբերյալ ուսումնասիրություններ Վիճակագրական կոմիտեն վաղուց չի հավաքագրում։

Էմմա Միքայելյան




Լրահոս