ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը նեկայացնում է, թե ինչ է իրավապահներին պատմել ՔՊ-ական պատգամավորի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:
«Հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 00:17-ին, իմ ֆեյսբուքյան էջին Messenger հավելվածով ինձ անհայտ եւ անծանոթ՝ «Ռոբերտ Կասյան» ֆեյսբուքյան էջի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու», որից հետո իմ եւ իմ ընտանիքի հասցեին տվյալ օգտատերը հնչեցրել է հայհոյանքներ, որոնք ես ջնջել եմ նամակագրությունից: Արձագանքելով՝ հարցրել եմ՝ ինչ վնասի մասին է խոսքը, սակայն նա կրկին շարունակում էր նույն բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ նշել է. «Էն պայթյունը հիշո՞ւմ ես, խելոք մնացե՛ք, գոնե»:
Այս ամենից հետո ես այդ հաղորդագրությունը ուղարկողին հարցրի, թե նա ինչ կապ ունի այդ պայթյունի հետ, իսկ վերջինս պատասխանեց կրկին նույն ոճով՝ նշելով. «Դրա հետ դուք կապ ունեք, ես քեզ ասում եմ՝ հանգի՛ստ մնացեք»:
Հայտնում եմ, որ ես միանգամից ենթադրեցի, որ 2022 թվականի օգոստոսի 31-ին Ն. Զարյան 42/2 հասցեում գտնվող եւ հորս՝ Զարեհ Սարգսյանին պատկանող յուղման կետի պայթյունի դեպքի մասին է խոսքը, քանի որ որեւէ ուրիշ պայթյուն տեղի չի ունեցել, հետեւաբար ենթադրում եմ, որ այդ հաղորդագրություններն ուղարկող անձը ինչ-որ առնչություն կարող է ունենալ վերոնշյալ պայթյունի դեպքին, սակայն թե ով կարող է լինել, ես ոչինչ չեմ կարող հայտնել, նույնիսկ այդ օգտատիրոջ տվյալներն ինձ ծանոթ չեն, առաջին անգամ եմ տեսել, նման անուն-ազգանունով անձի չեմ ճանաչում: Հայտնում եմ, որ ես կամ իմ ընտանիքը որեւէ մեկի հետ թշնամական հարաբերութունների մեջ չենք, հետեւաբար չեմ կարող ասել, թե ով կարող էր նման արարք կատարել, որեւէ մեկին ես չեմ կասկածում:
Նշեմ, որ այս պայթյունի վերաբերյալ նամակագրությունից հետո շարունակում էր հաղորդագրություններ ուղարկել, նաեւ հարցրեց՝ Երեւանո՞ւմ եմ, թե՞ ոչ, որ երկրից դուրս գալու դեպքում՝ իրեն գրեմ: Ինքը կասի, կգան ինձ հետ հանդիպելու եւ ամեն ինչ կբացատրեն, եւ որ դա ինձ է պետք, իրեն պետք չէ: Ինչ-որ մարդիկ կհանդիպեն եւ կպատմեն ամեն բանի մասին:
Հայտնում եմ, որ այս ամենից հետո որեւէ կասկածելի անձ ինձ չի գրել, չի անհանգստացրել»:
Հարկերից խուսափելու հիշյալ դեպքը հիրավի հավակնում է ընդգրկվել դասագրքերում իր բացառիկ գործող անձով եւ գումարի չափով։
Ոչ հեռավոր 2014 թվականին, թալանչիների ժամանակ,այսօրվա ԱԺ այժմյան նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է իր բնակարանի հասցեում գրացված Սիցիլիա ՍՊԸ-ի 1 միլիոն 422 հազար դրամ հարկային պարտավորությունը չկատարել։ Հարկը գանձելու դժվարին ճանապարհին ՊԵԿ-ը անգամ ՍՊԸ-ի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարում, քանզի ոչ մի կերպ ծանուցագրերով չի հայտնաբերում տիրոջը` Ալեն Սիմոնյանին։ Ի վերջո այժմ արդեն հպարտ Ալեն Սիմոնյանը հասնում է Սիցիլիա ՍՊԸ-ն սնանկ ճանաչելուն։
Հիշեցնենք, որ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների վճարման նպատակով 24.10.2011 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից 1.196.900 ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի ընկերութան:
ՀՀ վարչական դատարանի` 06.03.2012 թվականի թիվ ՎԴ/6127/05/11 վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է, ինչի հիման վրա տրվել է կատարողական թերթ: Դատարանի՝ 08-06-2015 վճռով «Սիցիլիա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։
«Սիցիլիա» ՍՊԸ-ի պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ 08.05.2014թ.-ի դրությամբ կազմում էր 1.422.884 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովւթյան վճարի գխով` 238.085 ՀՀ դրամ, որից ապառք` 116.973, տույժ` 121.112 ՀՀ դրմ, հաստատագրված վճարի գծով` 908.665 ՀՀդրամ, այդ թվում ապառք` 567.310 ՀՀ դրամ, տույժ` 341.355 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 145.959 ՀՀ դրամ, որից ապառք` 93.952 ՀՀ դրամ, տույժ` 52.007 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 130.176 ՀՀ դրամ, որից ապառք` 84.120 ՀՀ դրամ, տույժ` 46.056 ՀՀ դրամ, որն ըստ էության այդպես էլ չի վերադարձվել պետական բյուջե:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բարոյականության, օրինականւթյան եւ Ալեն Սիմոնյանի մասին:
Իլհամ Ալիեւի զայրույթը թերեւս մեղմելու քայլ է արվել. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը 20.08.2024 թ. հոդված էր հրապարակել այն մասին, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։ Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իշխող կուսակցության գլխավոր փաստաթղթում խմբագրում է կատարվել եւ հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ Հետաքրքիր է՝ կանոնադրության սույն փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով։ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի:
Իշխանությունները Գյումրիում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, ինչպես եւ օրեր առաջ կանխատեսել էր «Ժողովուրդ» օրաթերթը: Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր են դրել նաեւ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գյումրու իշխող ուժը այս որոշումն ընդունել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա որդու՝ Խաչատուր Բալասանյանի քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրու Սեւ բերդի հարակից հողատարածքների օտարման գործով:
Հիշեցնենք՝ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ համատեղ ղեկավարելով Գյումրին: Նախորդ տարեվերջին, սակայն, ՔՊ-ն լուծարեց կոալիցիան՝ հայտարարելով, թե իրենք Գյումրիում ընդդիմություն են լինելու: Փաստացի, այս ողջ ընթացքում իշխող ուժը տարբեր ճնշումների միջոցով փորձեց Գյումրիում խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից, ու երբ Փաշինյանը հեծանիվով գնաց Գյումրի՝ իշխանափոխությունը ավարտվեց, քաղաքապետը հրաժարական տվեց: Ասել է թե՝ ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին, ճնշումների արդյունքում «Բալասանյան» դաշինքը տեղի տվեց:
Այսպիսով, եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ապա կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, եթե համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե ավագանին արտահերթ նիստով իր անդամներից համայնքապետ չընտրի, ապա կուսակցությունը նոր թեկնածու է առաջադրելու, իսկ ՔՊ-ն այդ պաշտոնի համար դիտարկում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին, այսինքն՝ հենց Սարուխանյանին: