«Ազատություն»-ը, երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց՝ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել:
Թեեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքեց տեղեկությունը, բայց հստակ է՝ ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից, քանի որ վերջինս մշտապես ՔՊ-ում փորձել է իր թիմը ձեւավորել, խարդավանքներ է հյուսել, չենթարկվողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչի պատճառով իշխանական մի խումբ պատգամավորներ, մեղմ ասած, ատում են Քոչարյանին:
Իշխող թիմում հարաբերությունները սրվել են հատկապես Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից եւ արդարադատության նախարարի թեկնածուների հետ կապված խոսակցություններից հետո:
Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր իսկ նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորներից միայն մի քանիսն են ներկա եղել, ու մեղադրել է իշխանական պատգամավորներին, թե արհամարհական վերաբերմունք են իր նկատմամբ ցույց տվել: Նաեւ Նիկոլ Փաշինյանին է այդ անտարբերության մասին լուրեր հասցրել, որպեսզի նա «թիմի վրա բարկանա»:
Քոչարյանը կոպիտ ձեւով դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է:
Պատճառներից մեկն էլ կապված է արդարադատության նախարարի թեկնածուների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով իր թեկնածուներին՝ Արփի Դավոյանին եւ Արմեն Խաչատրյանին է փորձել նախարար դարձնել, սակայն վարչությունը մերժել է, իսկ մյուս պատգամավորների առաջարկած թեկնածուները Քոչարյանի սրտով չեն եղել:
Հայտնել էինք նաեւ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր ընկերոջ՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել, ինչը, սակայն, ՔՊ վարչությունը չի էլ քննարկել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վատ է արտահայտվել Սիսակ Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել, ինչը ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասի սրտով է եղել, բայց չեն համարձակվել մինչ այդ խոսել դրա մասին:
ՔՊ-ական մեր աղբյուրները նաեւ փոխանցեցին, որ այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի է դեռ, շատ հնարավոր է՝ ոչինչ էլ չնախաձեռնվի, եւ Անդրանիկ Քոչարյանն էլի հաղթի:
Ի վերջո, որոշումը մեկ մարդունը պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանինը, որը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանին, թե՞ հանդուրժել նրա վերելքը՝ դեպի ազդեցիկ իշխանություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:
Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:
Քննիչի Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:
Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին: Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո: Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաեւ, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին : Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին եւ այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»: Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որեւէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:
ՀԱՐՑ. Ըստ Ձեր կողմից ներկայացված փաստաթղթի բովանդակության՝ Դուք եւ «Ռուբեն Կասյան» օգտատերն ունեք մեկ ընդհանուր ընկեր, այն է՝ «Համլետ Մկրտչյան» օգտատերը: Ի՞նչ կարող եք հայտնել «Համլետ Մկրտչյան» օգտատիրոջ մասին:
Պատասխան. Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել: Չեմ ճանաչում կամ չեմ հիշում: Ներկայումս նայեցի իմ էջը ու տեսա, որ «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ արդեն ունենք եւս մեկ ընդհանուր ընկեր՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը: Նշեմ, որ «Ռուբեն Կասյան» օգտատերը նաեւ ինձ է ընկերության հայտ ուղարկել ֆեյսբուքով, սակայն ես այն չեմ ընդունել: Հստակ չեմ կարող ասել, թե երբ է ուղարկված եղել ընկերության հայտը. այդ մասին իմացել եմ նրա հաղորդագրությունը կարդալուց հետո:
ՀԱՐՑ. Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են սույն քրեական վարույթով քննության առարկա ահաբեկչությունները: Ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:
Պատասխան. Ձեր հարցում նշված անձանցից ոչ ոքի չեմ ճանաչում:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչության մասին հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկվել հենց Ձեզ եւ Ռոմանոս Պետրոսյանին:
Պատասխան. Չգիտեմ:
ՀԱՐՑ.Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության զգացողություններ առաջացրե՞լ է, թե՞ ոչ:
Պատասխան. Սկզբում չեմ զգացել, քանի որ հաղորդագրությունը չեմ կապել ահաբեկչության հետ: Սակայն երբ հետագայում՝ 2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:
ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը կամ գույքին վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:
Պատասխան. Գործողություններ չեն կատարվել, բայց սպառնալիքներ բազմիցս ստացել եմ: Դրանք չեմ գնահատել լուրջ կամ իրական. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են: Իմ անձի վերաբերյալ նախկինում ստացած սպառնալիքները չեմ կարող կապել ցուցմունքումս նշված եւ ներկայացված հաղորդագրության հետ: Ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ:
Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է. աշխատել է ե՛ւ նախկին ե՛ւ ներկայիս իշխանությունների հետ՝ Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին: Նա հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 հողամաս, 1 բազմամյա տնկի ունի փոխմարզպետը, բացի դրանից, եւս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է գաղտնի կերպով։ 2010-2014 թթ. Հարությունյանը եղել է Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։ 2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ: Իսկ հիմա արդեն փոխմարզպետ Հարությունյանը 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։ Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1.1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ գրեթե 1.5 մլն դրամ։ Հայկ Հարությունյանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնում աշխատելիս ստացել է 9,5 մլն դրամ տարեկան եկամուտ։ Փոխմարզպետի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 779 հազար դրամ, որից 2 մլն 732 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կրկին չընտրվեց արդարադատության նախարար, սակայն թեկնածուների շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է։ ՔՊ վարչությունում հուսահատության մեջ են. իրենց «սրտի» նախարարին չեն կարողանում գտնել, սակայն ամեն շաբաթվա նիստում կա նախարարի մի նոր թեկնածու, որին չեն ընտրում։ Այս անգամ ՔՊ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Կընտրվի նա վարչության կողմից թե ոչ՝ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախկին նախադեպերը: Տեղեկացնենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է։ Սա հենց այն ոլորտն է, որ սիրում է Նիկոլ Փաշինյանը, եւ դեռ հեղափոխության տարիներից վանկարկում էր՝ «Ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»՝ նկատի ունենալով, թե պետությունից գողացվածը հետ է բերելու։ Դա ստացվում է այնքանով, որ Գալյանի կողմից կարգավորվող ոլորտի թիրախում ամեն օր նախկին պաշտոնյաներից որեւէ մեկն է, որոնցից պետք է բռնագանձեն գույքեր եւ միլիոնավոր դրամներ։ Կարծես թե, Գալյանը մոտ է «սրտի նախարար» դառնալու կոչմանը, բայց քանի դեռ չի նշանակվել, դժվար է ասել, որ հենց նա կլինի: