«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է պետական պարտքի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
-Պարո՛ն Բագրատյան, արդեն երկրորդ օրն է՝ Ազգային ժողովում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: Երեկ ֆինանսների նախարարը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: Նախ՝ նշեց, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս պահի դրությամբ 5 տրիլիոն դրամ է կազմում, եւ ամեն ամիս Կառավարությունը նոր պարտք է վերցնում: Ի՞նչն է պատճառը եւ արդյոք զսպման մեխանիզմներ չկա՞ն, որպեսզի պարտքը նման աստղաբաշխական թվերի չհասնի:
-Նախ՝ պատկերացնենք պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, քանզի հասարակ քաղաքացու համար այդքան էլ հստակ չէ, թե դրանք ինչի մասին են եւ ինչ թվեր են: Ես կցանկանամ, որ յուրաքանչյուրս սա պատկերացնի իր ընտանեկան բյուջեի հիման վրա: Այսինքն՝ ինչ է նշանակում լրացուցիչ պարտք վերցնելը. օրինակ, եթե մեր ընտանեկան բյուջեն տարեկան կազմում է մոտ երկու միլիոն դրամ, նշանակում է, որ մինչեւ 500 հազար դրամի սպառողական վարկ կարող ենք սպասարկել: Այսինքն՝ մենք հաշվում ենք, թե մեզ որքան գումար է պետք սննդի, վարձերի եւ այլ ծախսերի համար ու հաշվում գումարը: Եթե տարվա վերջին մենք կծախսենք մեկուկես միլիոնը եւ կես միլիոնը կմնա, ապա կարող ենք նոր հեռուստացույց գնել, կամ թանկարժեք սառնարան: Խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ ՀՆԱ եւ վարկեր հարաբերակցությունը անցնում է 60 տոկոսը: Դուք ասացիք՝ 5 տրիլիոն է արտաքին պարտքը, այսինքն՝ մոտ 12 միլիարդ դոլարի պետական վարկ ունենք: Դա կազմում է մեր ՀՆԱ-ի 49 տոկոսը միայն, եւ մեր հնարավորությունները ավելին են, քան մենք վերցրել ենք: Հիմա արդյոք արժե՞ վարկեր վերցնել: Վարկեր վերցնել արժե միայն այն դեպքում, երբ կան ծրագրեր, որոնց իրագործման համար պետությունը ներքին գումար չունի եւ հնարավորությունները բավարար չեն: Օրինակ, որպեսզի հյուսիս-հարավ ճանապարհը կառուցենք հասնենք տեղ, մենք մտածում ենք, որ այդ հնարավորությունը կունենանք տասը տարի հետո: Բայց արդյոք ավելի լավ չէ՞ մենք հիմա վարկ վերցնենք, ճանապարհը կառուցենք, եւ տասը տարի եկամուտ ունենանք այդ ճանապարհից, քան սպասենք, որ տասը տարի հետո, բյուջեի հնարավորության սահմաններում, կարողանանք կառուցել այն: Այնպես չէ, որ ես կարծում եմ, թե վարկ վերցնելը լավ բան է, սակայն չեմ էլ կարծում, որ դատապարտելի է. եթե ի վիճակի ենք սպասարկել չվնասելով մեր բարեկեցությունը՝ ապա պետք է օգտվել այդ վարկերից:
-Պարո՛ն Բագրատյան, այստեղ խնդիրն այն է, որ այսօրվա Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ քննադատում էր նախկին կառավարություններին՝ պետական պարտքը ավելացնելու համար, սակայն հիմա ինքն է նույն քաղաքականությամբ առաջնորդվում:
Ցանկացած գործընթաց ունի քաղաքական եւ տնտեսական բաղադրիչ: Բոլոր ժամանակներում էլ ընդդիմության դերը իշխանությանը քննադատելն է եւ պարտադիր չէ, որ դա խոր վերլուծության արդյունք լինի: Իսկ իշխանությունը պարտավոր է բացատրել եւ հիմնավորել վարած քաղաքականությունը՝ բացատրելով, որ տվյալ վարկը պետք է բոլորիս:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տաղավարում քաղաքացիներ Հմայակ Սահակյանը եւ Կարապետ Գրիգորյանն են, որոնք պնդում են, որ իրենց սեփականություն հանդիսացող հողատարածքը, 2013 թվականին ճանաչվելով հանրային գերակա շահ, օտարվել է։ Հողամասը, որը ձեռք է բերել պետությունը, նպատակի համար չի օգտագործվել, եւ քաղաքացիները փորձում են հետ բերել հողամասը։
Քաղաքացիները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են, որ 2023 թվականին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նշված հողային տարածքները վաճառել է գրեթե 20 մլն դրամով եւ աճուրդի մասին հայտարարությունը եղել է օրենքի խախտումներով եւ չի եղել պատշաճ հրապարակում։
Քաղաքացիները պնդում են, որ հողը ձեռք է բերել Անդրանիկ Օսիպյանը, ով Համբարձումյանի ընկերներից է եւ Մասիսի համայնքում մի քանի հողամասեր է նման կերպ ձեռք բերել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը նշեց, որ համայնքն իրավասու չէ պետական սեփականության հողը վաճառել կամ աճուրդի հանել։ Քանի որ Համբարձումյանը պատշաճ իրազեկված չէր, հավելյալ տեղեկություն չկարողացավ տալ։
Հարցին, թե արդյոք Օսիպյանը, ով սեփականաշնորհել է նշված հողամասը, իր մերձ շրջանակից է՝ չհերքեց, այլ հաստատեց։
ԿՈՆՋՈՐՅԱՆԸ՝ Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի հերքում՝ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վարքագիծը քննության կառնվի։
«Ես գիտեմ, որ այդ հարցով որոշակի ընթացք է լինելու»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հաշվի առնելով, որ Քյարամյանը ՔԿ նախագահն է, իսկ ինքը կառավարող խմբակցության ղեկավարը՝ Կոնջորյանը ճիշտ չհամարեց, որ այդ մասով իր մեկնաբանությունները տա։
Հարցին՝ կաշկանդվա՞ծ է՝ արձագանքեց. «Կաշկանդված չեմ, ընդհակառակը, եթե հիմա մեկնաբանություններ տամ, կարող է դիտվել մեր կողմից կաշկանդող հայտարարություն»։
Նշենք, որ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում սկանդալ էր եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ։ Աղազարյանը Քյարամյանին դիմել էր «արա»-ով, ՔԿ նախագահն էլ արձագանքել էր՝ «ոտքից գլուխ արա ես»։
ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհուրդը համաձայնություն է տվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ լրացում եւ փոփոխություն են կատարվել 2024 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺԽՈ-050-Լ որոշման մեջ: