Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում  Արգիշտի Քյարամյանի հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Իսկ որն էր Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը, որն էր այն գործը, որի համար Քյարամյանին դիմել են Աղազարյանի որդու մասով։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեն արգելանքի տակ է վերցրել պատգամավորի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենաներ:2023 թվականի օոգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեին պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումարներ, համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ՝ իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ, պայմանով, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն` որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց: Համաձայնության շրջանակներում ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է շուրջ 8.447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, եւ դրանց վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։

Ձեռք բերման գնից պակաս ցույց տալու արդյունքում՝ հիշյալ ընկերությունների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում արհեստականորեն առաջացել են 5մլրդ. 700մլն. ՀՀ դրամի չափով հարկային վնասներ, իսկ ԱԱՀ-ի հաշվետվություններում, խարդախությամբ հափշտակելու նպատակով, ձեւավորել են վերադարձման ենթակա 3մլրդ. 868մլն. դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ։

Ընկերությունները, վերոգրյալ գործարքներն իրականացնելով, իրականում ոչ թե իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, այլ նպատակ են ունեցել ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո պետությունից կատարելու հափշտակություն։

Դատելով իրավիճակից՝ հենց այս քրեական գործով են զանգահարել քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ինչի մասին էլ նա հրապարակային բացահայտում արեց Ազգային ժողովում:

Այժմ Գլխավոր դատախազությունը փնտրում է, թե ով է զանգել Արգիշտի Քյարամյանին։

Կարելի է ենթադրել նաեւ, որ որդու քրեական գործի պատճառով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին սեւ ամպեր են կուտակված։ Սպասենք Դատախազության հետագա քայլերին։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 440 ՀԱԶ. ՄԱՐԴ ԼՔԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԸ

Առնվազն 440 հազար մարդ լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

Ինչպես նշվում է զեկույցում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր Լիբանանից Սիրիա է հատել սահմանը մոտ 440 հազար մարդ։

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Իրաք է ժամանել եւս 22 հազար լիբանանցի։

 

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կանադան հայտարարել է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վերանայման մասին, գրում է newsgeorgia.ge կայքը:

Երկիրը մտահոգություն է հայտնել դիտորդների կողմից ընտրական խախտումների բազմաթիվ դեպքերի մասին հաղորդումների վերաբերյալ:

Մինչդեռ apsny.ge կայքը գրում է, որ Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով։

 

 

ՀԱՐՎԱԾ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎՐԱ

Չեչնիայի տարածքում առաջին անգամ անօդաչու թռչող սարքի հարձակում է տեղի ունեցել. անհայտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են տեղի հատուկ նշանակության համալսարանի վրա։ Այս մասին հաղորդում են տելեգրամյան ալիքները։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում գտնվող դատարկ շենքին։ Հարձակումից հետո տանիքը բռնկվել է։ Զոհեր եւ վիրավորներ չկան։

 

ՓԵԶԵՇՔԻԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը պատերազմի չեն ձգտում, բայց պաշտպանելու է իրանցի ժողովրդի իրավունքները։

Ինչպես փոխանցում է  IRNA-ն, ընդգծելով Իսրայելին պատասխանելու Իրանի իրավունքը, այս մասին Մասուդ Փեզեշքիանն ասել է  կառավարության նիստում, այն բանից հետո, երբ իսրայելական կողմը հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին։

Իրանի նախագահը նախազգուշացրել է, որ լարվածությունը կսրվի, եթե Իսրայելը շարունակի շարունակի իր գործելաոճը։




Լրահոս