ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախ Միությունը պատրաստել եւ հրապարակել է զեկույց ու առաջարկություններ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ, իսկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, բաղկացած շուրջ 40 հասարակական կազմակերպություններից, աջակցություն է հայտնել փաստաթղթին:

 

Զեկույցը պարունակում է 2024թ. մայիսի 16-ին ընդունված ծրագրի հիմնական սկզբունքների վերլուծություն, առկա իրավիճակի հակիրճ նկարագրություն եւ գործող ծրագրի էականորեն լավարկման առաջարկներ՝ համապատասխան հիմնավորումներով ու հավելվածներով:

Ծրագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են դրա արդյունավետ իրականացմանը: Այդ խնդիրները կարելի է դասակարգել մի քանի հիմնական խմբերի, մասնավորապես.

Ցածր դիմելիություն. հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ծրագրին դիմել եւ վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Այս ցածր ցուցանիշը վկայում է ծրագրի մատչելիության կամ պայմանների հետ կապված խնդիրների մասին:

Ֆինանսական խոչընդոտներ. գործող ծրագրով հաշվի չի առնվում բնակարանների շուկայական գների իրական պատկերը: Հատկապես Երեւանում եւ այլ քաղաքներում առաջարկվող աջակցության չափը բավարար չէ արժանապատիվ բնակարանային պայմաններ ապահովելու համար, իսկ բնակելի տան կառուցման պայմանները գլխավորապես չեն համապատասխանում նույնիսկ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծերի նվազագույն արժեքներին:

Իրավական խոչընդոտներ. Ծրագրի որոշ պահանջներ, օրինակ՝ դիմելու պահին ՀՀ քաղաքացիության պահանջը, խոչընդոտում են շահառուների մասնակցությանը, իսկ մի շարք այլ դրույթներ առաջացնում են տարբեր խմբերի անձանց իրավունքների խախտումներ, որոնք երբեմն հակասում են նույնիսկ ՀՀ Սահմանադրությանը:

Հատուկ կարիքներ ունեցող խմբերի անտեսում. Գործող ծրագիրը բավարար չափով հաշվի չի առնում հատուկ կարիքներ ունեցող խմբերի, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց եւ զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները:

Վարկավորման հետ կապված խնդիրներ. Շատ շահառուներ դժվարություններ ունեն լրացուցիչ հիփոթեքային վարկեր ստանալու հարցում, հատկապես եթե նախկինում ունեցել են վարկային պարտավորություններ եւ, հիմնականում իրենց կամքից անկախ պատճառներով, խնդիրներ ունեն վարկային պատմության հետ:

Վերոնշյալ եւ մի շարք այլ խնդիրների համակարգային ու հիմնարար լուծման համար փաստաթուղթն առաջարկում է ողջամիտ ու արդյունավետ լուծումներ՝ միաժամանակ ներկայացնելով փաստական ու իրավական հիմնավորումներ դրանց օգտին:

Արցախ Միությունը եւ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը հաշվի կառնի սույն առաջարկները, ինչպես նաեւ արագ կերպով կմեկնարկի իրական ու արդյունավետ հանրային քննարկումներ ծրագրի հիմնարար բարելավման համար:

 

 

ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ ԹՌՉՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԳՈՐԾԱՐԱՆ

Չինական XPeng ավտոարտադրողը սկսել է թռչող մեքենաների գործարանի կառուցումը Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու նահանգում: Ինչպես հաղորդում է Xinhua-ն, սա կլինի աշխարհում առաջին նման գործարանը, որն ունի լայնածավալ արտադրություն։

Արտադրության առաջին փուլում 10 000 հեկտար տարածքով գործարանը կարտադրի թռչող մոդուլ Land Aircraft Carrier (LAC) մեքենայի համար: Գործարանը տարեկան կկարողանա արտադրել մոտ 10 հազար նման մոդուլ։

Ընկերությունը LAC-ը կներկայացնի Չժուհայ քաղաքում Airshow China-ում: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 12-ից 17-ը։ Սպասվում է, որ թռչող մոդուլն այնտեղ կիրականացնի իր առաջին հանրային թռիչքը:

Հունիսին ճապոնական Nikkei Asia հրատարակությունը հայտնել էր, որ չինական Գուանչժոու քաղաքի իշխանությունները նախատեսում են մինչեւ 2027 թվականը ներդնել 10 միլիարդ յուան (1,4 միլիարդ դոլար) թռչող մեքենաների ենթակառուցվածքի զարգացման համար:

 

 

ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՄԱՍՆԱԳԵՏԸ

Ի՞նչ է բրոնխային ասթման. շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է շնչուղիների կրկնվող բորբոքումով, դիտվում է շնչառության դժվարացում, հազ եւ խզզոց: Ներկայացնում է ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը:

Շնչառական համակարգը գրիպի ժամանակ հայտնվում է թիրախում, եւ ասթմա ունեցող մարդիկ ավելի խոցելի են դառնում. կարող են սրել հիվանդության ախտանիշները եւ բարդացնել ասթման` առաջացնելով լուրջ բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, շնչառական անբավարարությունը:

Գրիպի դեմ տարեկան պատվաստումը կարեւոր կանխարգելիչ միջոց է ասթմա ունեցող մարդկանց համար։ Պատվաստանյութն աշխատում է՝ խթանելով իմունային համակարգը արտադրելու հակամարմիններ գրիպի վիրուսի դեմ, ինչը կանխում է վարակը կամ նվազեցնում դրա ծանրությունը: Քանի որ գրիպի վիրուսը պարբերաբար փոխվում է, պատվաստանյութի կազմը ամեն տարի թարմացվում է՝ առավել տարածված շտամներից պաշտպանելու համար։

Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ հաստատում են, որ գրիպի դեմ պատվաստումը արդյունավետ է ասթմա ունեցող անձանց, այդ թվում երեխաների մոտ ծանր հետեւանքները կանխելու առումով եւ պատվաստումներից հետո ասթմայի սրացումների զգալի աճ չի նկատվել։ Իրականում, գրիպով վարակվելու բարդությունների ռիսկը շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութի հետ կապված ցանկացած փոքր ռիսկ։

Այսպիսով` գրիպի դեմ պատվաստումը ոչ միայն օգուտ է տալիս ասթմա ունեցող մարդկանց, այլեւ նպաստում է հանրային առողջությանը՝ ձեւավորելով կոլեկտիվ իմունիտետ:

Երբ բնակչության զգալի մասը պատվաստվում է, գրիպի տարածումը դանդաղում է, ինչը անուղղակիորեն պաշտպանում է այն մարդկանց, ովքեր ունեն իմունային խանգարումներ, այդ թվում՝ ծանր ասթմա ունեցող անձինք, որոնք կարող են պատվաստմանը լավ չարձագանքել։

 




Լրահոս