ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար եւ շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից ի վեր, ինչ շախմատը՝ որպես առարկա, սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաեւ պատանի շախմատիստների հաջող մրցելույթներին, որոնք բարձր արդյունքներ են գրանցել արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում. «Սա նշանակում է, որ նաեւ արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաների արդյունքները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:
Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաեւ ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:
«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Մյուս կողմից՝ կարեւոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւս ողջունել է մարզիկներին եւ շնորհավորել գրանցած արդյունքների համար:
Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը համաշխարհային 45-րդ օլիմպիադայում բրոնզե մեդալներ էին նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, անդրադառնալով արդյունքներին, հավաստիացրել է՝ մշտապես ձգտելու են հասնել ավելիին:
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի հավաքականի անդամները խոսել են իրենց տպավորությունների, առաջիկա անելիքների եւ խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ մի շարք այլ հարցերի՝ կապված մարզիկների հանդերձանքի, տեխնիկական հագեցվածության եւ այլնի հետ: Քննարկվել են նաեւ մրցումների նախապատրաստական աշխատանքների եւ տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն