Ազգային ժողովը եւ քննչական կոմիտեն գլխիվայր շուռ տված քրեական գործը մնացել է միայն Հովիկ Աղազարյանի որդու ուսերին։
ՔԿ ղեկավարի սկանդալային հայտարարությունից հետո խաղաքարտեր են բացվում, որոնք թիրախավորում են կոնկրետ մարդկանց։
Այսպիսով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։
2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումար՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ իր ընկերության անունով, վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձի ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:
Տ.Հ.-ն Տիգրան Հովհաննիսյանն է, ով անցել է այս դեպքի վարույթով, սակայն նրա գործը կարճվել է, իսկ թիրախում մնացել է Հովիկ Աղազարյանի որդին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը պատմել է, թե քրեական գործն ինչ փուլում է։
««Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյան. ավտոմեքենաների ներկրման ու ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված գործընթացում ենթադրաբար պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դեռեւս 2023 թվականին կալանավորվել էի, ինձ մեղադրանք էր ներկայացվել խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռեւս 2024թ. հունիս ամսին դադարեցվել էր, նախաքննական մարմինը գտել էր, որ իմ արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, այսինքն՝ հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել էր, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»:
Տիգրան Հովհաննիսյանը փոխանցեց նաեւ, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնց հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան: Հովիկ Աղազարյանի ու քննչական կոմիտեի նախագահի միջեւ քննարկված թեման իր հետ բացարձակ կապ չունի, ոչ էլ կարող է կապ ունենալ, քանի որ իր գործը վաղուց է ավարտվել: Հովիկ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ եւ իր հետ ո՛չ առնչություն է ունեցել, ո՛չ համագործակցել է, եւ նրա հետ կապված քրեական գործը, որքանով որ ինքը տեղյակ է, դեռ քննության փուլում է:
Ստացվում է, որ ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենաներն էլ արգելանքի տակ են:
Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում նա կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը:
Արարատ Միրզոյանը խոսելու է նաեւ նախարարության կատարած աշխատանքի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին:
Խորհրդարան կգնա նաեւ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:
Ուրբաթ օրը եւս բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն: Այդ օրն էլ խորհրդարան կգնան Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Բյուջեի նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ սեպտեմբերին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը:
ՔՊ-ն ճնշումների միջոցով ստիպեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հրաժարական տալ ու հեռանալ նոր ընտրված պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է մնում։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը ՀԷՑ-ի հետ է կապված, մասնավորապես այն միտումի, որով ՔՊ-ն ուզում է ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից։ ՔՊ-ական պատգամավորները նախ Գարեգին Բաղրամյանին ԱԺ կանչեցին՝ Էլեկտրական էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները քննարկելու, նրան մեղադրեցին ոլորտի տապալման համար, այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում նման բովանդակությամբ քննարկում կազմակերպեց։ Ակնհայտ էր, որ իշխանությունների այս նախաձեռնությունները միտված էին ոչ թե խնդիրներին լուծում գտնելուն, այլ ՔՊ-ն նպատակ ուներ լսումների ընթացքում ամեն գնով ցույց տալու, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը, որպեսզի այս պատրվակով խլեն այն Սամվել Կարապետյանի ձեռքից։
Ահա ճնշումների արդյունքում տարբեր պաշտոնյաներ հրաժարական տվեցին. հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել նաեւ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, եւ ՔՊ-ն մինչ օրս փոխարինող չի գտել Ազգային ժողով ուղարկելու համար, որ թեկնածուն ընտրվի, նշանակվի այդ պաշտոնում:
Փաստացի, ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար ՔՊ-ն այս կարեւոր ու մի շարք խնդիրներով լի ոլորտը բարձիթողի վիճակում է պահում՝ առանց ղեկավարի:
Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր ձախողումը վստահաբար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի գոյությունն ու կտրուկ անհետացումն է՝ կոռուպցիոն ռիսկերով եւ դրսեւորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։
«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի: Երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են, անշուշտ։ ԱՆԻՖ-ի եւ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության արդյունքում կառուցվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնը եւ սպորտային զվարճության հարթակը։ Ինչպես նաեւ ներդրումներ էին իրականացվել «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացման եւ համարային ֆոնդի ավելացման համար։ Ֆոնդի մասնակցությունը այս ծրագրում կազմել է 25% – 49%, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 798 մլն ՀՀ դրամ` գրեթե 2 մլն դոլար։
Հավելենք նաեւ, որ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն գրանցված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։ ՓԲԸ-ի հիմնադիրը Տիգրան Չիբուխչյանն է. նա ընկերությունում ունի 22.9% բաժնեմաս։ Իրական շահառուների մասին հայտարարագրում շահառու է նաեւ ԱՄՆ քաղաքացի Ամուր Ավակյանը, ով ունի 19.6% բաժնեմաս։ Իրական շահառուների ցանկում է նաեւ Իրինա Չիբուխչյանը 26.3% բաժնեմասով եւ Արտակ Չիբուխչյանը՝ կրկին 26.3% բաժնեմասով։ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի 4.7% բաժնետեր է նաեւ Արսեն Գաբրիելյանը։
Հավելենք նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել էր 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման համար։ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր նաեւ։ ԱՆԻՖ-ը նաեւ ներդրումներ է արել Hard Rock սրճարանում, Fly Arna ավիաընկերությունում, Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացրել էր «Այգ-1» ծրագիրը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձախողված ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց, չարդարացրեց իրեն, եւ դեռ 5 միլիոն դոլար էլ պետբյուջեից կրկին հատկացվեց, որ լուծարվի: Կարճ ասած՝ ԱՆԻՖ-ը մեր բյուջեի վրա արժեցավ 18 մլն դոլար:
Թե ովքեր են ԱՆԻՖ-ից օգտված «մասնավորները», կներկայացնենք հաջորդիվ: