ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»՝ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, տարբեր թեկնածուների քննարկելուց հետո, երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Սրբուհի Գալյանին առաջադրեց արդարադատության նախարարի պաշտոնում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սրբուհի Գալյանը յուղալի պաշտոններ է զբաղեցրել հեղափոխությունից հետո։

Սրբուհի Գալյանը գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է, այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, մինչ այդ մոտ մեկ տարի եղել է արդարադատության փոխնախարար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի նշանակումը մեծ իրարանցում էր առաջացրել իրավապահ համակարգում։

Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ պաշտոնի նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ:

Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը:

Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավն է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրումը Նիկոլ Փաշինյանի որոշումն է եղել, ինչն անակնկալի է բերել ՔՊ-ականներին։

Վարչության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ իր ֆավորիտը հենց Սրբուհի Գալյանն է՝ այդպիսով ուղղորդելով ՔՊ-ականներին նրա օգտին քվեարկել։

Մինչեւ երեկ իշխանականները վստահ են եղել, որ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է այդ պաշտոնում ընտրվելու։ Արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանն անակնկալ է պատրաստել իր թիմակիցների համար՝ Սրբուհի Գալյանին առաջադրելով։

Նշենք, որ երեկ ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաեւ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունները։

Գագիկ Ջհանգիրյանը նույնպես հնաբնակներից է. նա տարբեր տարիների բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

Իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից հեռացել է սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, որը 2022թ-ին իր ասուլիսում հրապարակել էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այդ ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ։

ՔՊ մյուս թեկնածուն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է եղել, որն անհամեմատ ավելի մեծ փորձ ու գիտելիք ունի արդարադատության ոլորտում։

Կիրակոսյանը սկզբում չի ընդունել առաջարկը, սակայն որոշակի պայմաններ է առաջ քաշել, որոնք Փաշինյանի կողմից ընդունվել են, ինչից հետո համաձայնել է նախարարի թեկնածու լինել։

Փաստացի, չնայած նման փորձառու թեկնածուներին՝ Նիկոլ Փաշինյանի ֆավորիտը եղել է Սրբուհի Գալյանը, որն էլ վարչության որոշմամբ արդարադատության նախարարի թեկնածու առաջադրվեց:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼՂ-ՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ

Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում. կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող եւ տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի եւ Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի եւ դրա երկու արձանագրությունների (1954 եւ 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։

Անդրադարձ կատարելով հարցին, թե որն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը եւ սկսեց համակարգված կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգությունը՝ Պիկատը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի եւ տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին։ Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»։

Նա մանրամասնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը եւս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպես նաեւ հասկանալ կարիքներն ու այն, թե ինչպե՞ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել եւ պաշտպանել այս բազմազան ժառանգությունը:

 

 

ԵՐԲ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՆԱԽԱՐԱՐ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկար փնտրտուքներից հետո վերջապես արդարադատության նախարար է առաջադրել Սրբուհի Գալյանին։ Վերջինս ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է:

Նշենք, որ Սրբուհի Գալյանը դեռ նախարար չի համարվում, քանի դեռ չկա նախագահի հրամանագիրը նրա նշանակման վերաբերյալ։

ՀՀ Սահմանդրության 150-րդ հոդվածը սահմանում է՝

«Վարչապետը Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը յուղալի պաշտոններ զբաղեցրել է հեղափոխությունից հետո։ 2018-2019 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ քննչական ծառայության իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ։ 2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

Նկատենք նաեւ, որ Սրբուհի Գալյանը, թեեւ երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ելույթով հանդես եկել՝ որպես նախարարի թեկնածու, բայց նա դեռ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատման դիմում չի գրել։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 




Լրահոս