ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Պուշկինի փողոցի բնակելի շենքի պատին 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները եւ հարակից գրառումները, որոնք կապույտ ներկով էին ծածկել, վերականգնվել են։

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծող կինը ինչ է պատմել իրավապահներին, ինչու է գնացել այդ քայլին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին խոստովանել է, որ անձամբ ինքն է գնացել այդ քայլին:

Նա պատմել է, որ ամեն օր անցնում է Պուշկինի 43 հասցեի տարածքում ու մշտապես տեսնում այդ նկարները։ Իրեն զայրացրել է, որ խոսում են մաքուր Երեւանի մասին, ու որոշել է 44-օրյա պատերազմի զինվորների նկարների կողքի գրառումները մաքրել ու այդ պահին նաեւ նրանց նկարներն է մաքրել:

Կատարվածից շոկի մեջ են նաեւ տարածքում ապրող քաղաքացիները։ Իսկ նրա դուստրը վստահեցնում է, որ այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երեւանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:

Փաստի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաեւ կնոջ արարքին նախորդող եւ հաջորդող գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, առգրավվել եւ մշակվել են հսկող սարքերի նկարահանումներ, որոնցում երեւում է, թե կինն ինչպես է երկու երիտասարդի խնդրում բացել ներկող նյութի տարան, ինչպես է մոտենում շենքին, ներկով ծածկում նկարը եւ հեռանում:

Կինը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել նաեւ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը պղծած կինը ազատ է արձակվել:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնել են, որ կնոջ նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 110 ԴԵՊՔ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 29-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, փաստաթղթեր կեղծելու՝ 16, խարդախության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու եւ ինքնիրավչության՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր կամ դրոշմներ հափշտակելու, ոչնչացնելու կամ վնասելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, հողը փչացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու եւ սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

 




Լրահոս