Երեւանում առաջին անգամ կանցկացվի Երեւանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երեւանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբեւէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաեւ արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Բացման արարողությանը ներկա կգտնվեն եւ իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը եւ Անդրեա Հոլցհերը, ինչպես նաեւ լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։ Հատկանշական է Magnum Photos գործակալության ներկայությունը երեւանյան փառատոնին։
Magnum-ը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Այն լուսանկարիչների կոոպերատիվ է, որն այսօր ունի շուրջ 60 անդամ: Հիմնվելով հումանիստական արժեքների վրա՝ այն միակ խոշոր ֆոտոգործակալությունն է, որը մշտապես պահել է Հայաստանը իր ուշադրության կենտրոնում։
Փառատոնի շրջանակում ներկայացվելիք «Հայաստանի քրոնիկոնը՝ Magnum-ի ֆոտոխցիկում» ցուցահանդեսը ներկայացնում է Magnum-ի ինը լուսանկարիչների մի խումբ լուսանկարներներ, որոնք վավերագրել են Հայաստանը 20-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը: Ընտրված լուսանկարներն արվել են Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։
Փառատոնի առանցքային միջոցառումներից է «Երեք գույն՝ կանաչ, կարմիր, կապույտ. Հայաստանն ու Վրաստանը արդյունաբերական հեղափոխությունից մինչեւ խորհրդային օկուպացիա» ցուցահանդեսը, որը ներկայացնում է լուսանկարներ Հայաստանից եւ Վրաստանից եւ ընդգրկում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ Խորհրդային Միության կողմից երկրների օկուպացիան։ «Երեք գույն՝ կանաչ, կարմիր, կապույտ. Հայաստանն ու Վրաստանը արդյունաբերական հեղափոխությունից մինչեւ խորհրդային օկուպացիա»-ն ավելի մեծ ցուցահանդեսի մի մասն է, որը տեղի է ունեցել Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիա թանգարանում 2022 թվականին: Ցուցահանդեսը կենտրոնացած է 1850-ականներից մինչեւ 1920-ական թվականներն ընկած ժամանակահատվածի վրա։
Կարեւոր ցուցահանդեսներից է նաեւ Պատրիկ Բիներտի «Քողարկված լեռան ստվերի տակ»-ը։ Պատկերների հավաքածուն միավորում է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են ամբողջ Հայաստանում: Պատկերները երկխոսություն են բացում դիմանկարների եւ բնապատկերների միջեւ՝ ծառայելով որպես տեսողական փոխաբերություններ հավաքական հիշողությունների բեկորների համար: Ցուցահանդեսը կենտրոնանում է նաեւ Արարատ լեռան վրա՝ որպես հայկական հավաքական ինքնության ազգային խորհրդանիշ։
Կարեւոր ցուցահանդեսներից են նաեւ Շալվա Ալխանաիձեի՝ Խորհրդային վրացական լուսանկարչության ազատ ոգին պատկերող «Դուշեթի ճանապարհին» եւ «Անձնագրային լուսանկար» շարքերը։ Այս ցուցահանդեսը ներկայացված է Թբիլիսիի ֆոտոփառատոնի կողմից։
Կանցկացվի նաեւ «Հակոբ Հեքեյանի Երեւանը» խորագրով ցուցադրությունը (համադրող՝ Վիգեն Գալստյան), որը եւս փառատոնի առանցքային ցուցահանդեսներից է։
Հատկանշական է նաեւ Dienacht Publishing-ի եւ Nizina նախագծի ներկայությունն անդրանիկ փառատոնին՝ իրենց լույսընծայած ամսագրերով։
Փառատոնի շրջանակում հայտարարվել է նաեւ մրցույթ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։ Նրանք պետք է կիսվեն իրենց լուսանկարներով #yipfcontest-ի հետ Instagram-ում, հրապարակեն դրանք եւ մրցեն Երեւանի շենքերի պատերին հայտնվելու հնարավորության համար: Ժյուրիի կողմից ընտրված մեկ հաղթողի եւ մեկ հանրային քվեարկության հաղթողի (հիմնված Instagram-ի ներգրավվածության վրա) 20 ընտրված լուսանկարներ կցուցադրվեն եւ կարխիվացվեն Միրզոյան գրադարանում: Մրցույթը նախատեսված է բացառապես Երեւանի ճարտարապետությունը ներկայացնող աշխատանքների համար: Հաղթողը կստանա նաեւ դրամական պարգեւ։
Փառատոնի համադրողն է Միրզոյան գրադարանը՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ։ Ընդհանուր առմամբ, այն կընդգրկի 12 ցուցահանդեսներ, 7 նկարիչների զրույցներ եւ 4 գործնական սեմինարներ, որոնք տեղի կունենան Հայաստանի ազգային պատկերասրահում, Միրզոյան գրադարանում, Վարպետում եւ այլ տարածքներում։
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՈՒՇԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍԽՐԱՆՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Տավուշի մարզպետարանը տարածել է ՀՀ կառավարության պատրաստած մի տեսանյութ, որը պատմում է Տավուշի մարզում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի մասին, որոնք կատարվում են պետական բյուջեով եւ սուբվենցիոն ծրագրերով։ Ընդհանուր առմամբ մարզում այս տարի 15,8 միլիարդ դրամով կառուցվում է 167 կմ ճանապարհ։ Տեսանյութում ներկայացված են Իջեւան քաղաքի ծայրամասային փողոցներից մեկում կատարվող տուֆապատման աշխատանքները. Տավուշի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների մասին տվյալներ է հայտնում Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Տեսանյութում նշվում է նաեւ Գանձաքար-Իծաքար 35 կմ երկարությամբ ռազմավարական ճանապարհի հիմնանորոգման մասին, որի համար «կառավարության ներդրումը» 4,1 միլիարդ դրամ է։ Տեսանյութում նշվում է, որ այդ ծրագիրն իրականացվում է 2 փուլով, ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2025 թվականի տարեվերջն է։ Հոլովակում, հայտնի չէ թե որ ընկերության ինժեներ Կարեն Թելունցը, ներկայացնում է իրենց աշխատանքի դժվարությունները, որ իրենք կատարում են. «50 տեխնիկա, 100 մարդ է աշխատում, բուսական հողը հեռացնում են, ճանապարհին ամուր գրունտ ձեւավորում, հենապատեր, գամբիոններ, առուներ, ջրահեռացման խողովակներ տեղադրում, մայթեր են սարքում, քար աղող տեխնիկա են բերել, տեղում են քարերը աղում»։ Տեսանյութում չի ասվում, թե որ ընկերությունն է այդ ճանապարհը կառուցապատում, չի նշվում, որ Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թ.-ին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ.-ի սեպտեմբերին: Աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022թ.-ին ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, այժմ «Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացնում է «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպությունը։ Ճանապարհի նախագծո՞ւմն են սխալ արել, «Խաչհար» ՍՊԸ-ն թերացե՞լ է աշխատանքներում, կառավարությո՞ւնն է թույլ վերահսկել շինարարությունը. փաստն այն է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի գործարկումն ավելի քան 2 տարով ուշացել է, եւ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի ենթարկվել։ Այդ ճանապարհի ուշացած հիմնանորոգումը կառավարության պատրաստած տեսանյութում որպես սխրանք է ներկայացվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ