ՄԻ՛ ԵՂԻՐ ՄԵԾ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԻՐ ԼԻՆԵԼ ԾԱՆՐ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ը հայ գրականության  կարեւոր օրերից է, քանզի այդ օրն է ծնվել հայ գրականության հսկաներից մեկը՝ Ավետիք Իսահակյանը։

 

Իսահակյանը այն գրողների շարքին է դասվում, որ մեծ ավանդ են ունեցել գրականության մեջ, իսկ հայրենիքի հանդեպ տածած նրա սերն անսահման է։

Մի առիթով Իսահակյանն ասել է. «Երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը եւ այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:

Չնայած նրան, որ մեծն գրողի մահվանից անցել են երկար ու ձիգ տարիներ, թվում է, թե Իսահակյանը ժամանակին մարգարեացել է եւ տվել մեր օրերի ճշգրիտ բնութագիրը։

Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների առանցքում առաջինը, բնականաբար, հայրենիքն է, կնոջ, մայրական սիրո, կյանքի իմաստի, հավերժության խորհրդի փնտրտուքները։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է որոշ հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից ու նրա մտքերից։

Սկսենք այն պատմությունից, երբ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը միասին այցելեցին են Անի՝ հայոց հնադարյան գեղեցիկ քաղաքներից մեկը։

1901 թվականին Ավետիք Իսահակյանն ու Թումանյանը ուղեւորվում են Անի:

Հովհաննես Կոստանյանն էլ անմահացնում է երկու բանաստեղծներին`  Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ ու ձախ կողմերում կանգնած, որը բավականին հայտնի լուսանկար է:

Երբ Թումանյանը, իսահակյանն ու Կոստանյանը մոտեցել են Անիի պարիսպներին, մթության մեջ պայթել է հրազենի կրակոց։ Պարզվել է` վանատան պահապանը մթության մեջ կարծել է, թե ավազակներ են: Իսահակյանը այս մասին իր հուշերում ասել է. «Մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե՝ ինչ պիտի լիներ մեր վիճակը….

-Տո՛, –  ասաց Օհաննեսը ծառային՝  բերդանկա հրացանը տեսնելով, –  մի գյուլլով երեք բանաստեղծի պիտի սպանեի՞ր:

-Լավ պրծաք,  ըսել է`  ձեր վերջը չէր եկեր, –  ամենայն անտարբերությամբ

պատասխանեց ծառան»։

Իսկ ինչպե՞ս են ծնվել Ավետիք Իսահակյանի շքեղ ստեղծագործությունները սիրո մասին. երբ Ավետիքը 16 տարեկան է եղել, սիրահարվել է 14 տարեկան Շուշանիկին եւ այդտեղից էլ սկսվել է մեծ սերը։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ երբ Իսահակյանը 18 տարեկան է եղել, վիճել է Շուշանի հետ, ու  նրանք մի քանի ամիս չեն խոսել։

Իսահակյանի սերն այնքան մեծ է եղել, որ Շուշանի մասին ասել է. «Երբ սիրում էի Շուշիկին, ուրիշ տեսակ մարդ էի, երկրային չէի… Իմ ողջ էությունը երգի ու երազի թեւերով հյուսեցի նրա սիրելի էության հետ»։

Չնայած նրան, որ Իսահակյանի տողերը բավականին գեղեցիկ են, արտահայտում են սրտի խորքում խնամքով պահված մտքերը, պետք է նշել, որ այս սիրո պատմությունն էլ տխուր ավարտ է ունեցել։

Երբ Իսահակյանը մեկնում է արտասահման՝ սովորելու, այնտեղ լսում է Շուշանիկի ամուսնության մասին. այդ լուրից հետո են ծնվում են Իսահակյանի՝ մերժված սիրո պատմությունները. «Սիրեցի, յարս տարան, յարա տվին ու տարան

Էս ի՞նչ զուլում աշխարհ է, սիրտս պոկեցին, տարան…»։

Ավետիք Իսահակյան հանճարի մտքերը եւս ազդեցիկ ու հետաքրքիր են, դրանք խորհելու, մտածելու տեղիք են տալիս։

Ներկայացնում ենք Իսահակյանի մտքերից մի քանի խոհական «ուղեկիցների»։

  1. Ոչ թե արտաքին ժպիտով, որ ամեն մարդ կարող է ունենալ, այլ ներքին ժպիտով ընդունել մարդկանց։ Ապրել ներքին ժպիտով:
  2. Մարդ չպիտի մտածե աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածը ունայնություն է:
  3. Ո՞վ է քո բարեկամդ, ո՞վ է քո թշնամիդ. երկուսն էլ միեւնույնն են՝ տարբեր դիմակներով:
  4. Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
  5. Եվ ի՞նչ է փառքը. այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների  տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

«ՀԱՏԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ»

Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի եւ Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ եւ տարածություն» ցուցահանդեսը:

 

Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերի 27-ին Պոմպիդու կենտրոնում նախատեսված է Սերգեյ Փարաջանովին եւ Երվանդ Քոչարին նվիրված ցուցադրություն: Ցուցադրվելու են կենտրոնի հավաքածուում գտնվող Երվանդ Քոչարի 2 ստեղծագործություններ:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կամզակերպմանն աջակցելու եւ նախագիծը կյանքի կոչելու համար. «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված. նա փորձում էր գտնել պատասխաններ եւ առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ»:

Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:

ԿԳՄՍՆ հասարակության հետ

կապերի եւ տեղեկատվության

վարչություն

 




Լրահոս