ԹՔԵԼԸ ՆԵՐՎՈՒՄ Է, ԹՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՐԵԼԸ՝ ՊԱՏԺՎՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրից հետո, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, եւ նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վահե Մակարյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվել: Մեր գործընկերը հաստատեց, որ իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, մեր տեղեկությունները ճիշտ են, եւ որ նրանց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «Միջադեպ, այո, եղել է, որը, կարծում եմ, հարթվել է: Չգիտեմ՝ որտեղից է տարածվել տեղեկությունը. հավանաբար Սիմոնյանի բղավոցներն են լսվել: Չգիտեմ՝ հարվածելո՞ւ նպատակով ձեռքերս բռնեցին, թե՞ սովորության համաձայն՝ այլ գործողություն էր Ալեն Սիմոնյանն ուզում անել, բայց մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետեւանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց», – պատմեց Վահե Մակարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ՝ պահանջելով ԱԺ նախագահի անունից տալ պարզաբանումներ: Սակայն խոսնակն ասաց` գրավո՛ր ուղարկեք հարցը:

Ուղարկեցինք. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, մեր տեղեկություններով՝ այսօր խորհրդարանի միջանցքներում միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի եւ Ձեր միջեւ։

Միջադեպի ժամանակ Դուք բարձրաձայն հայհոյանքներ եք հնչեցրել լրագրողի հասցեին, որոնք լսվել են խորհրդարանի ողջ միջանցքում։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ Ձեր անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը, որպեսզի հարվածներ հասցնեք նրան, սակայն այս անգամ չեք թքել եւ չեք հարվածել՝ ավարտելով ամեն ինչ հայհոյանքներով եւ ԱԺ միջանցքում փողոցային բառապաշար գործածելով՝ լսելի բոլորի, այդ թվում՝ նաեւ միջանցքներում գտնվող կանանց համար:

Խնդրում ենք ներկայացրել պարզաբանումներ.

. ի՞նչ միջադեպ  է եղել

. ինչո՞ւ եք հայհոյել լրագրողին

. ինչո՞ւ է Ձեր թիկնազորը բռնել լրագրողի ձեռքերը՝ հարկադրաբար

. չե՞ք զղջում արդյոք կատարվածի համար՝ որպես երկրի օրենսդիր մարմնի ղեկավար

Մինչեւ ուշ գիշեր, սակայն, չստացանք այս հարցերի պատասխանները:

Եվ այս իշխանությունը խոսում է լրագրողներից, խոսքի ազատությունից, անպատժելիությունից, հովանավորչությունից եւ վերջապես կոռուպցիայից` «ժողովրդավար» Հայաստանում. իսկ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա իրեն «դավաճան» ասելու համար (դեպքը տեղի էր ունեցել անցած տարի ապրիլին), եւ այս օրերին էլ զանգվածաբար ձերբակալվում են քաղաքացիներ, որոնք Ալեն Սիմոնյանի թքելու մասին պաստառներ են փակցնում Երեւան քաղաքի պատերին:

Այսինքն՝ թքելը ներվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ թքելու մասին թռուցիկ տարածելը` պատժվում ազատազրկմամբ: Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի արդարադատության մասին:

 

 

 

Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն հնչեց: Ավելի ուշ պարզվեց, որ հարեւանի տան բակում էր այն:

ՔՊ-ականները, սակայն, տոտալ վախի մեջ էին, քանի որ զուգահեռաբար Գուրգեն Արսենյանի գրասենյակի առջեւ էին ռումբ տեղադրել, բայց այն չէր պայթել:

Այս դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կան կալանավորված 3 անձինք, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Եվ ահա, այս գործով հարցաքննվել է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի տված ցուցմունքը հայտնվել է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում:

«Հարեւանիս՝ Արթուր Բաղդասարյանի տանը տեղի ունեցած պայթյունը քննարկել եմ վերջինիս հետ, սակայն իմ մտքով չի անցել, որ կատարվածը ահաբեկչություն է, եւ թիրախում ես եմ: Նույնիսկ հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այդ պայթյունը ինձ հետ առնչություն չունի, սակայն որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել եւ ուղղված է եղել իմ դեմ»:

ՀԱՐՑ. Դուք սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ ստացե՞լ եք հիշյալ դեպքից առաջ կամ հետո, եթե այո՝ ապա մանրամասնե՛ք:

ՊԱՏԱՍԽԱՆ.  սպառնալիքներով որեւէ հաղորդագրություն չեմ ստացել:

ՀԱՐՑ . Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ ու ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող որեւէ պատճառ նշել:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը պատրաստված է եղել Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեր մեջ առաջացրե՞լ է տագնապի, անհանգստության զգացողություններ, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, ես վախ զգացել եմ ընտանիքիս անդամների կյանքի եւ առողջության համար, քանի որ նշված տանը բնակվում է իմ ընտանիքը, թոռներս, եւ նրանց կյանքին ու առողջությանը վերը նշված գործողության հետեւանքով կարող էր վնաս պատճառվել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ վարչության նիստի տեսանյութի հրապարակումից են տեղեկացել, որ դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար է նշանակվում ու լքում է համակարգը։ Անգամ դատախազները ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ Գալյանը կա՛մ վերջին պահին է իմացել, որ նախարարի թեկնածուներից մեկն է, կա՛մ նրանից պահանջել են չխոսել որեւէ մեկի հետ մինչեւ ՔՊ վարչության մոտ «քննություն» հանձնելը: Արդյունքում, Գալյանի հեռանալուց հետո, համակարգում սկսվել են խոսակցությունները, որ դեռեւս 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը առաջիկա օրերին պաշտոնից ազատման դիմում կգրի:

Բանն այն է, որ երբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստանձնեց իր լիազորությունները, համակարգում աշխատակիցները մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ սկսեցին գրել, ու Վարդապետյանը ձեռնարկեց դատախազության համակարգը «ամրապնդել» իրեն հավատարիմ կադրերով, իսկ Գալյանն այդ ցուցակում չկար։ Այսպես նաեւ Աննա Վարդապետյանի նպատակներն իրականացան:

 

 

 

ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ընթացքում որոշ երիտասարդ ՔՊ-ականներ բարձրացրել են Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ Աղազարյանն օգտագործել է ամբիոնը՝ իր որդիների գործերից խոսելու համար, ինչը արգելված է պատգամավորին օրենքով. նա շահերի բախում ունի: Մի խումբ առավել ուժայիններին քննադատողները բարձրացրել են Արգիշտի Քյարամյանի պահվածքի անթույլատրելիության հարցը: Մի խումբ էլ հայտարարել է, որ բոլոր խարդավանքների հեղինակը «ծերուկ» Անդրանիկ Քոչարյանն է, որը փորձում է բոլորին բոլորի դեմ հանել խմբակցության ներսում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու էլի շատեր, բայց կոնկրետ որոշումների դեռ վերջնականապես չեն հանգել: Զարգացումների մասին՝ առաջիկայում:




Լրահոս