ArmLur.am-ը զրուցել է իրավապաշտպան, «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ:
-Տիկի՛ն Սահակյան, նոյեմբերի 11-ին Ադրբեջանում COP-29 պետք է կայանա. Հայաստանի մասնակցության հարցը դեռեւս քննարկվում է, բայց Դուք Ձեր հարցազրույցներից մեկում շեշտել էիք, որ եթե Հայաստանը մասնակցի, ապա այն կարեւոր կարող է լինել մեզ համար, որովհետեւ այդպիսով հնարավոր կլինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմաքաղաքական գերիների վերաբերյալ: Այս պահին ի՞նչ եք կարծում, ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անել այդ նպատակին հասնելու համար:
-COP-29-ի՝ Բաքվում անցնելու առնչությամբ հայկական կողմը քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, եւ այս աջակցությունը հանգեցրել է որոշակի թվով գերիների ազատ արձակման ու դրա համար պետության, նաեւ քաղաքականության հետեւողականության տեսանկյունից անբացատրելի կլինի, եթե Հայաստանը բոյկոտի, որ COP-29-ը Բաքվում է անցկացվելու: Մյուս կողմից՝ միջազգային միջոցառում է սա, հյուրընկալող երկրները կարող են փոփոխվել, սակայն միջոցառման օրակարգը, խնդիրները, որոշումների կայացումը տեղի են ունենում միջազգային կառույցի ձեւաչափում, եւ ճիշտ չեմ համարում, որ Հայաստանը մեկուսացված լինի որեւէ միջազգային գործընթացից:
Այս միջոցառումը կարեւոր է նրանով, որ այստեղ քննարկվում են բնապահպանական խնդիրներ, որոնք գլոբալ են, եւ յուրաքանչյուր երկիր պետք է ներգրավվածություն ունենա դրանց լուծման գործում: Հայաստանը եւս ունի բազմաթիվ խնդիրներ, ադրբեջանական գործողությունները եւս հանգեցրել են բնապահպանական վիճակի վատթարացման Արցախում, Հայաստանում: Այս հարթակը նաեւ քննարկման առարկա է դարձնում իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին առնչվող հարցերը՝ ավելի ածանցվող կերպով, դրա համար կարծում եմ՝ Հայաստանը պետք է մասնակցի, իր ձայնը լսելի դարձնի քննարկվելիք յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Մյուս կողմից, հաշվի առնելով ակտիվ ներգրավվածությունը, միջազգային համայնքի համատեղումը մեկ վայրում՝ Հայաստանը պետք է կարողանա այն ուղիղ կոմունիկացնել իրեն առնչվող մարդու իրավունքների, բնապահպանական խնդիրների հետ, որոնք վերաբերում են նաեւ Ադրբեջանին:
Այս միջոցառումների ժամանակ նաեւ քաղաքական ճնշումներ են գործադրվում, եւ Հայաստանը, կարծում եմ, պետք է շարունակաբար օգտվի COP-29-ի գործոնից՝ նաեւ հայ գերիների ազատ արձակման հարցը լուծելու համար:
-Տիկի՛ն Սահակյան, իսկ Ադրբեջանը թույլ կտա՞, որ այդ հարթակում Հայաստանը խոսի գերիներիի մասին, քանի որ գիտենք՝ ինչ ճնշումների է կարող է դիմել Ադրբեջանը:
-Եթե թույլ չտան, ապա այդ չթույլատրելիության գինը պետք է լինի քաղաքական պայմանավորվածությունը՝ գերիներ ազատ արձակելու վերաբերյալ: Այսինքն, եթե Հայաստանը կարողանա հասնել նրան, որ հաստատի իր մասնակցությունը, միեւնույն ժամանակ համաձայնի, որ գերիների խնդիրը չբարձրաձայնվի մի պայմանով, որ COP-29 միջոցառման անցկացմանը զուգահեռ Ադրբեջանը որոշ թվով գերիների ազատ կարձակի, ապա կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը այդ իմաստով շահած կլինի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՐՍԸ՝ ՑԱՆՑԱՀԵՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստելու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար, եւ նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել իրեն դիմողները:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։
Վեճի ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:
«Բա, եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ՝ պատասխանեք այս հարցին», – ասել էր Քյարամյանը։
Այս հայտարարության հիման վրա՝ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը:
Ասել է թե՝ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է պարզի՝ ովքեր են եղել այն երկու անձինք, որոնք զանգահարել են Արգիշտի Քյարամյանին ու գործի քննությանը միջամտել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականների շրջանում շարունակում է հետաքննություն իրականացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանից հետաքրքվել է՝ արդյոք նա է զանգահարել Արգիշտի Քյարամյանին՝ Հովիկ Աղազարյանի որդու քրեական գործով։ Վերջինս արձագանքեց, որ այդ հարցով չի դիմել, սակայն դիմել է մեկ այլ խնդրով. իր ընտանիքի հանդեպ մի տհաճ միջադեպ է տեղի ունեցել: «Իմ հարսը եւ նրա քույրը վարձով են տալիս իրենց բնակարանը, որը գտնվում է Օրբելու փողոցում, դեռեւս ամռանը՝ հայտարարություն տալուց հետո, նրանց զանգ է գալիս, եւ մի անձ ասում է՝ դուք հաշվեհամար ուղարկեք, որպեսզի փոխանցենք տան վարձավճարը: Հարսս միամտորեն ուղարկում է հաշվեհամարը, եւ ընդամենը 15 րոպե հետո ոչ միայն նրա հաշվի վրայից ամբողջ գումարն են տանում, այլեւ մեկ միլիոն դրամի վարկ են վերցնում նրա անունով: Ես ստիպված եղա մոտենալու պարոն Քյարամյանին», – «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Մանրամասները՝ ArmLur.am կայքում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՝ ՔՊ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր թեկնածուներ քննարկելուց հետո երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Սրբուհի Գալյանին առաջադրեց Արդարադատության նախարարի պաշտոնում։
ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաեւ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունները։
Գագիկ Ջհանգիրյանը ոլորտի հնաբնակներից է, նա տարբեր տարիների բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացել է սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, որը 2022 թ.-ին իր ասուլիսում հրապարակել էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այդ ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ։ Փաստացի, չնայած նման փորձառու թեկնածուներին, Նիկոլ Փաշինյանի ֆավորիտը եղել է Սրբուհի Գալյանը, որն էլ վարչության որոշմամբ արդարադատության նախարարի թեկնածու առաջադրվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ինքը վատ չի զգացել, որ ՔՊ-ն իրեն մերժել է. «Դա քաղաքական քվեարկություն է, ես վատ չեմ զգացել, որ ինձ չեն ընտրել, այսքան բան»,- եզրափակեց Ջհանգիրյանը եւ անջատեց հեռախոսը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ