ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ ԽՆՁՈՐ ՆԵՏԱԾ ՊԱՊԻԿԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի 71-ամյա պապիկը Ավանի դատարանում է, սակայն դատական նիստը չկայացավ, քանի որ պաշտպանը առողջական խնդիրներ ուներ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը քննելու է Երեւան քաղաքի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Դատավոր Հովհաննիսյանը դատական համակարգում աչքի է ընկել իր օբյեկտիվ որոշումներով ու մշտապես, առանց կաշկանդվելու, բարձրաձայնել է դատական համակարգում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։

Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու «պատճառով» Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։

ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի գործի ընթացքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽԱԽՏՎԵԼ Է ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Շաբաթվա սկզբին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահներն ու նրա տեղակալը հափշտակել են խոշոր չափերով գումար։

Գործով մեղադրյալներ Ա. Գ.-ի եւ Մ.Հ.-ի շահերի պաշտպան փաստաբան Վահագն Ջիվանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության կողմից խախտվել է իր պաշտպանյալների անմեղության կանխավարկածը՝ քննությամբ ձեռք բերված տվյալները ներկայացնելով ընտրովի եւ որպես դատավճիռ։

«Մեղադրանքը անհիմն է եւ անօրինական, այն հիմնված է կեղծ փաստաթղթերի վրա, իսկ ընտրովի սկզբունքով հարցաքննված վկաներըը ՀԽՄ ՀԿ ներկայիս ղեկավարության հետ գտնվում են թշնամական հարաբերությունների մեջ, հանդիսանում են նախկին նախագահի մտերիմները»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ գործի նախապատմության հիմքում երկու եղբայրների տարաձայնություն է, երբ հարկային ստուգումների համար նախկին նախագահը խնդրել է իր եղբորը՝ դրամարկղի ելքի անդորրագրեր ստորագրել։ Վահագն Ջիվանյանի փոխանցմամբ՝ թեեւ բազում փաստեր են ներկայացվել այդ կտրոնների ոչ վավեր լինելու, ՀԽՄ ՀԿ նախկին նախագահի կողմից առերեւույթ թույլ տված չարաշահումների, կեղծ փաստաթղթերով նախագահ ընտրվելու, ՀԽՄ-ին պատկանող շենքը գրոշներով սեփականաշնորհելու մասին, սակայն իրավապահ մարմինները դրանց ընթացք չեն տվել, հակառակը՝ կայացվել է որոշում ՀԽՄ ՀԿ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, որն էլ իրենց կողմից բողոքարկվել է։

Փաստաբանը նշեց, որ բազմիցս միջնորդել են հարկային ստուգում անցկացնել նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակ, դատահաշվապահական փորձաքննություն իրականացնել, ինչը թե՛ քննիչը, թե՛ դատախազը մերժել են։

Ի դեպ, իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ բողոքները բավարարվել են եւ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը վերացրել է դրանք՝ անհիմն համարելով։ Նա վստահ է, որ գործի դատաքննության ընթացքում կհաջողվի ապացուցել իր պաշտպանյալների անմեղությունը։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ՀԵՌԱԽՈՍ ԵՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՐԱՐ

Քրեակատարողական ծառայությունը պարբերաբար հայտարարում է, որ ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր են իրականացվում, որոնք կանխվում են քրեակատարողական ծառայողների կողմից։

Կալանավորված անձին բերված հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ եւ առհասարակ ստուգումների արդյունքում խցերում գտել են արգելված իրեր։

Իսկ հիմա հարց. ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադեւոսյանը, երբ հիմնարկում ով ինչ ուզում է՝ անում է։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես են Վանաձորի բանտի դատապարտյալները կամ կալանավորները պարանի միջոցով բանտի մի պատուհանից մյուս պատուհանը հեռախոս փոխանցում միմյանց, ու, ըստ էության, այս ամենը տեղի է ունենում բանտի անվտանգության աշխատակիցների աչքի առաջ։

 ՔՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս