Նոյեմբերին Yandex Armenia-ն անցկացնելու է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան: Յուրաքանչյուր օգտատեր, ուրբաթ օրերին պատվերներ կատարելով Yandex Go-ի միջոցով, կարող է դառնալ նախաձեռնության մասնիկը:
Տաքսիի եւ առաքման ծառայության բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործության նպատակով կփոխանցի 5 դրամ: Իսկ սննդի՝ յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար, սկսած 3000 դրամից, հիմնադրամները կստանան 30 դրամ։
Հավաքված միջոցները հավասարապես կբաշխվեն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական կազմակերպությունների միջեւ։
«Մեր «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է այն նպատակով, որ էպիլեպսիա եւ այլ բարդ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին օգնի ստանալ անրաժեշտ դեղորայքային բուժում ու ախտորոշիչ հետազոտություններ: Մենք ամեն օր պայքարում ենք, որպեսզի բարելավենք մեր շահառուների եւ նրանց ընտանիքների կյանքի որակը, երեխաներին լիարժեք, առանց սահմանափակումների կյանքի հնարավորություն տանք։ Նմանօրինակ ակցիաների աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ մեծաթիվ մարդկանց է ընդգրկում բարեգործության մեջ՝ թույլ չտալով լինել անտարբեր: Միասին մենք կարող ենք ավելի մեծ օգնություն ցուցաբերել», – նշում է էպիլեպսիա ունեցող երեխաների օգնության «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը:
«Շնորհակալ ենք Yandex Go-ին՝ տոներին ընդառաջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (ՔՈԱՖ) աջակցելու համար։ «Առատաձեռն նոյեմբեր» արշավը մեզ համար հրաշալի հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում կատարած մեր աշխատանքի իրազեկվածությունը։ Սա նաեւ լրացուցիչ աջակցություն է՝ ընդլայնելու մանուկների ու նրանց ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված մեր ծրագրերը», – նշում է ՔՈԱՖ-ի հաղորդակցության ու մարքեթինգի ղեկավար Մարկ Գարգարյանը։
Yandex Armenia-ի «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան երկրում կանցկացվի երկրորդ անգամ։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերող նախագծերից մեկն է։ Ընկերության գործընկեր մի քանի կազմակերպությունների շահառուներն ու պրոֆիլային մասնագետները մշտապես գործող բարեգործական ծրագրի շրջանակում նաեւ ստանում են անվճար ուղեւորություններ եւ առաքումներ Yandex Go-ում։
2023 թվականին «Առատաձեռն նոյեմբեր» ակցիայի շրջանակում հավաքված նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամն օգնել է ավելի քան 700 երիտասարդ մայրերի՝ ապահովել նրանց անհրաժեշտ իրերով, հագուստով եւ հիգիենայի պարագաներով: «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն օգնել է թանկարժեք վիրահատություն կատարել կերակրափողի քիմիական այրվածք ստացած երեխայի համար: Իսկ հենաշարժողական հաշմանդամություն ունեցող 10 երեխայի համար «Հայ մայրեր» հիմնադրամը կարողացել է երեք ամսվա ընթացքում տնային պայմաններում կազմակերպել կինեզիոթերապիայի կուրս:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին փոխանցել է 3 մլն դրամ։
2024 թ. բարեգործական կազմակերպությունների, ակցիայի մասնակիցների մասին տեղեկատվություն
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է՝ ուղղված Հայաստանի գյուղաբնակ երեխաների կյանքի փոխակերպմանը կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի եւ տնտեսական զարգացման համապարփակ ծրագրերի միջոցով։ ՔՈԱՖ-ը կենսական նշանակության մի շարք ծառայությունների հասանելիություն է ապահովում իր նորարար ծրագրերի միջոցով, որոնց հիմքում արդյունավետ ուսումնառության, բարեկեցության եւ ստեղծարարության խթանումն է։ Հիմնադրամը նաեւ աջակցում է երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանը՝ այդպիսով ոգեշնչելով նրանց կերտել ավելի փայլուն ապագա։
«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» – Հայաստանում միակ հիմնադրամը, որն ամբողջությամբ նվիրված է էպիլեպսիա եւ այլ ծանր նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների աջակցությանը: Հիմնադրամը երեխաներին ապահովում է անհրաժեշտ դեղորայքով, կազմակերպում է ախտորոշիչ եւ գենետիկ հետազոտություններ: Հիմնադրամը բուժման հասանելիությունը բարելավելու նպատակով ակտիվորեն համագործակցում է բժիշկների ու առողջապահության նախարարության հետ եւ բարեգործական ակցիաներ է անցկացնում՝ ուշադրություն հրավիրելով մանկական նյարդաբանական հիվանդությունների խնդրի վրա:
«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ» – բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է ծանր հիվանդություններով երեխաներին՝ ապահովելով բուժման հասանելիություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային առաջատար կլինիկաներում: Հիմնադրամը ժամանակակից բժշկական սարքավորումներով է զինում հիվանդանոցները եւ նպաստում բժիշկների մասնագիտական առաջընթացին, որպեսզի նրանք կարողանան ապահովել օգնության ամենաբարձր մակարդակ: Կազմակերպությունն իրականացնում է նաեւ հիվանդությունների կանխարգելման եւ վաղ հայտնաբերման ծրագրեր՝ նվազեցնելով մանկական մահացությունը եւ բարելավելով երեխաների կյանքի որակը:
ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գործարար, կուսակցական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ իջեւանցի գործարար Սամվել Մատինյանի ու «Տավուշ մեդիա» ՍՊԸ-ի։ Հայցը վերաբերում է այս տարվա մայիսի 27-ի ջրհեղեղից շարքից դուրս եկած Խաշթառակի կամրջի վերաբերյալ Սամվել Մատինյանի խոսքերին։ «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Խաշթառակի փոքր ՀԷԿ-ը եւ Ս. Մատինյանին պատկանող «Հեքիաթ» հանգստի գոտին իրար կողքի են, Խաշթառակի կամրջին մոտ։ Հայցով «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ն պահանջում է. «Պարտավորեցնել պատասխանող Սամվել Մատինյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստական տվյալները՝ «Տավուշ Մեդիա» ՍՊԸ-ին պատկանող «Տավուշ» Թի Վի-ում նմանատիպ ռեպորտաժում նկարահանվելու միջոցով, եւ ասել հետեւյալը. «Ես՝ Սամվել Մատինյանս, «Տավուշ Մեդիա» ՍՊԸ-ի կողմից նկարահանված եւ 2024 թվականի մայիսի 28-ին հրապարակված ռեպորտաժում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ եմ հայտնել «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի մասին։ Մասնավորապես, ասել եմ, որ կամրջի մասնակի փլուզումը կատարվել է ՀԷԿ կառուցելու պատճառով, Ջրատարի խողովակ են անցկացրել, որպեսզի կարողանան աշխատանքներ կատարել։ Նշել եմ, որ մեր աչքի առաջ տրակտոր են աշխատեցրել, գետի հունը խորացրել, հենասյուների տակը քանդել են եւ ճանապարհ են սարքել։ Ասել եմ, որ երեք ջրուղիներից մեկն ընդհանրապես փակել են ՀԷԿ-ի տնօրենները, որպեսզի կարողանան շինարարական աշխատանքներ կատարել։ Դրա պատճառով էլ քանդվել է սյունը։ Նշել եմ նաեւ, որ կամրջի սյունը իրենք են թուլացրել։ Իմ կողմից այդ ռեպորտաժում հնչեցված մտքերը իրականությանը չեն համապատասխանում։ Ես ներողություն եմ խնդրում «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ից՝ իրականությանը չհամապատասխանող եւ վերջինիս գործարար համբավը արատավորող տեղեկություններ տարածելու համար։ Պարտավորվում եմ հետագայում եւս զերծ մնալ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելուց»։ Հայցվորը պահանջել է Ս. Մատինյանից հօգուտ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի բռնագանձել փոխհատուցում՝ 1 միլիոն ՀՀ դրամի չափով, եւս 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Այս քաղաքացիական հայցով Երեւան քաղաքի դատարանի Էրեբունի եւ Նուբարաշենի նստավայրում, դատական նիստեր են կայանում: Հավելենք, որ 2023 թվականից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան համայնքը ընդդեմ «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ի հայցով դատավարությունը, հայցը նախկին վիճակի վերականգնման՝ ինքնակամ կառույցի քանդման եւ արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջների մասին է։ Այդ հայցը վերաբերում է Խաշթառակի փոքր ՀԷԿ-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ