ՊԱՏԵՐԱԶՄ ՏԵՍԱՎ ԵՎ ՉՏՐՏՆՋԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 44 օրա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրն էր։

 

Հայկազ Մկրտչյանը կամ ինչպես դիմել են իրեն՝ ուրախ եւ ժպտերես Հայկը, հայկական բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 23-ին եւ իր ապրած 20 տարիների ընթացքում հասցրել է մասնակցել 2 պատերազմների՝ Տավուշյան մարտերին եւ Արցախյան երկրորդ պատերազմին։ Հայկազը կրտսեր սերժանտ էր։

Հայկազի քույրը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը սկզբում ծառայել է Լուսակերտում, ապա տեղափոխվել Տավուշի մարզի Մեհրաբ զորամաս։

2020 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրետանային հարվածներով փորձել են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի Մեհրաբի գնդի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերին, որից հետո զորամասը բերվեց մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այդ ժամանակ 120 մմ ականանետային դիվիզիոնում արդեն իսկ առկա էր համահավաք մարտկոց, որի շարքերում ընդգրկված են եղել մասնագիտական բարձր գիտելիքներով եւ մարտական պատրաստությունում լավագույն կողմերով աչքի ընկած զինծառայողներ։ Մկրտչյան Հայկազը նույնպես ընդգրկված էր վերոնշյալ մարտկոցում՝ որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսեւորել է որպես  խիզախ մարտիկ՝ ճիշտ նշանափորձելով ականանետը, զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին եւ կրակային միջոցներին, ոգեշնչելով իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին արագ մատակարարելու ականները՝ ավելի շատ կրակոցներ կատարելու համար: Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության եւ արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժին մեծ կորուստ:

Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է «Մարտական հերթապահություն» մեդալին։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ այդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞… Իրենց համար ո՞նց չկռվենք»:

Հայկազի քույրը ArmLur.am-ին նաեւ պատմեց, որ երբ սեպտեմբերին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, ժպտուն աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել եւ ասել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում:

Քրոջն ասում էր. «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտնի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչեւ մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»:

2020 թվականի  սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում  կատարել է մոտ 300 կրակոց՝ վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։

Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։  Հայկազը պատերազմի ընթացքում առաջին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց, ցավոք սրտի, երազանքը մնաց անկատար։

Հայկազ Մկրտչյանը վիրավորվել է թշնամու կողմից կիրառված բայրաքթարի պատճառով։ Ապրելու համար համառ կռվում Հայկազը 12 օր պայքարեց վերակենդանացման բաժանմունքում, սակայն նոյեմբերի 9-ին՝ հրադադարից 1 ժամ առաջ, մահացավ։

«Հայկազը պատերազմում չի պարտվել, քանզի հաղթել է վախը, դժվարությունները, իսկ նահանջն իր համար անընդունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անարդարությունը եւ ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ եւ հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության եւ հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաեւ նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ: «Արցախից որ զանգում էր, այնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս՝ ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով՝ Հայկազը միշտ ասել է՝ եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք: Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետեւ կռվում էր հանուն Հայրենիքի»,-ArmLur.am-ի հետ զրույցում ամփոփեց հերոս Հայկազ Մկրտչյանի քույրը:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ 135 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ «ՓԱԿԵԼ» ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 135 մսուր-մանկապարտեզը (նախկինում թիվ 174 մսուր-մանկապարտեզ) տեւական ժամանակ է՝ փակ է։ Փակ լինելու պատճառով շատ ծնողներ, որոնք աշխատում են, չգիտեն, թե ինչ անեն, որպեսզի ե՛ւ երեխան միայնակ չմնա, ե՛ւ աշխատանքից չբացակայեն։

 

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած ծնողներից մեկը ասաց, որ մանկապարտեզը պետք է վերաբացվեր սեպտեմբեր ամսին, սակայն շուրջ երկու ամիս է, ինչ մանկապարտեզը փակ է։

Թիվ 135 մանկապարտեզի հետ կապված հետաքրքիրն այն է, որ դեռ 2021 թվականին, երբ Երեւանի քաղաքապետը  Հայկ Մարությանն էր, Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում պետք է հիմնանորոգվեր։ Ըստ այդ ծրագրի՝ մանկապարտեզում պետք է լինեին էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, պետք է իրականացվեր շենքերի սեյսմիկ վերազինում, դռների եւ լուսամուտների փոխարինում եւ արեւային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, որոնց արդյունքում կկրճատվեին հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ տեղի կունենար արտանետվող CO2 գազի նվազեցում:

Հարկ է նշել, որ այս ամենը միայն թիվ 135 մանկապարտեզի համար չէր նախատեսված, այլ նաեւ 138, 109, 110, 81 եւ 161 մանկապարտեզների համար։

Չշեղվելով թեմայից՝ նշենք, որ, խնդրով պայմանավորված, ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երեւանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության հետ, սակայն համացանցում առկա բոլոր հեռախոսահամարները գոյություն չունեին։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու՝ ինչի համար է փակվել մանկապարտեզը եւ արդյոք վերաբացվելու է կրկին, որտեղից էլ պատասխանեցին. «Մանկապարտեզն անպայման վերաբացվելու է, խոսքը առաջիկա ամիսների ընթացքում վերաբացման մասին է։ Այս պահին կոնկրետ օր ասել չենք կարող, որովհետեւ մինչեւ այս պահը, որ պետք է վերաբացվեր, շինարարական, տեխնիկական որոշակի խնդիրներ առաջանալու պատճառով՝ թերությունների շտկման ինչ-որ պրոցես է եղել։ Մեր ունեցած տվյալներով՝ վերջին շտրիխներն են իրականացվում, բայց այս պահին կոնկրետ բացման օր չենք կարող ասել. առաջիկա ամիսներին 90 տոկոս հավանականությամբ մանկապարտեզը կվերաբացվի»։

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 




Լրահոս