«Շփման հմտություններից՝ դեպի Սոցիալական Հեղափոխություն»․ Դեյլ Քարնեգիի թողած Ժառանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ վաղ տարիքից հանրային խոսքարվեստով հետաքրքրվող Դեյլ Քարնեգին անձնական զարգացման բնագավառի հիմնադիրներից մեկն է, ում «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գիրքը իրական փոթորիկ էր առաջացրել ընթերցասերների շրջանում։

Երեկ Դեյլ Քարնեգիի հիշատակի օրն էր։ Քարնեգիի գրքերը մինչ օրս լայնորեն օգտագործվում են անձնական և մասնագիտական զարգացման համար։

ArmLur.am-ը ներկայացնում է Քարնեգիի կյանքից հետաքրքիր դեպքեր, վերջինիս սիրված և հայտնի մտքերը։

Սկսենք այն դեպքից, երբ Քարնեգին երիտասարդ ժամանակ աշխատում էր Նյու Յորքում, ցանկանում էր դառնալ դերասան և չնայած այդ ոլորտում հաջողությունների չհասնելով՝ հրաժարվել է դերասան լինելու իր երազանքից։

Պարտքերի և դժվարությունների մեջ լինելով՝ նա սկսեց տարբեր աշխատանքներ փնտրել՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ շարունակել։

Մի օր, երբ նա դասավանդում էր YMCA (Երիտասարդ քրիստոնյաների միություն) կենտրոնում, նկատեց, որ ուսանողները մեծ դժվարությամբ էին շփվում մարդկանց հետ և հաճախ վախենում էին հանրային ելույթներից։ Որպես փորձարկում՝ նա առաջարկեց նրանց հանդես գալ հրապարակային ելույթներով, խոսել իրենց գաղափարների մասին և պատմել իրենց զգացմունքները։ Սկզբում ուսանողները ամաչում էին և կաշկանդված էին, բայց Քարնեգին խրախուսում էր նրանց։ Նրա մեթոդները մեծ արձագանք գտան, և նա նկատեց, որ դա օգնում է մարդկանց վստահություն ձեռք բերել։

Այդ փորձից հետո է նա որոշել, որ իր կյանքը նվիրելու է հանրային խոսքարվեստի և շփման հմտությունների ուսուցմանը։ Իրականում այս պատահական նախաձեռնությունը նրան տարավ դեպի այն ուղին, որի շնորհիվ էլ այսօր մենք ճանաչում ենք Դեյլ Քարնեգիին որպես հաջողության և շփման հմտությունների առաջատար մասնագետներից մեկը։

Քարնեգիի կյանքում կա մեկ այլ հետաքրքիր դեպք, որը տեղի ունեցավ, երբ նա սկսեց հանրային խոսքի դասեր տալ, բայց հենց առաջին փորձից հանդիպեց անսպասելի խնդրի:

Նրա դասերին մասնակցում էին տարբեր բնագավառների մարդիկ, բայց առաջին դասին ուսանողներից շատերը չափազանց ամաչում էին խոսել հրապարակային և խուսափում էին ելույթ ունենալ։ Քարնեգին որոշեց խնդիրը լուծել մի շատ անսովոր ձևով. նա առաջարկեց, որ ուսանողները սկսեն իրենց անհաջողությունների մասին կիսվել։ Փոխանակ խոսելու ինչ-որ բարդ թեմաների մասին, որոնց մասին նրանք վստահ չէին, Քարնեգին առաջարկեց պատմել այն սխալների մասին, որոնք նրանք կատարել էին։

Այս մարտավարությունը գործեց հրաշալի։ Ուսանողները սկսեցին մեկը մյուսի հետևից պատմել իրենց անհաջողությունների, վախերի, և դժվարությունների մասին, ինչը կոտրեց լարվածությունն ու ամաչկոտությունը։ Նրանք հասկացան, որ հաջողության հասնելու համար պարտադիր չէ լինել անթերի․ փոխարենը՝ հաճախ անհրաժեշտ է լինել անկեղծ և պատրաստ ընդունելու սեփական սխալները։

Այս դեպքը Քարնեգիի համար դարձավ կարևոր դաս․ այն ցույց տվեց, թե որքան կարևոր է մարդկանց հետ կառուցել վստահության վրա հիմնված կապ և տալ նրանց ազատություն՝ արտահայտելու իրենց իրական ապրումները։ Այս մոտեցումը հետագայում դարձավ նրա ուսուցողական մեթոդների հիմնաքարերից մեկը՝ փոխելով այն կերպը, թե ինչպես են մարդիկ մոտենում շփմանն ու հանրային խոսքին։

ArmLur.am-ը ներկայացնում է նաև գրողի հետաքրքիր մտքերից։

1.Այս աշխարհում գոյություն ունի միայն մեկ միջոց սեր վաստակելու՝ դադարել պահանջել այն և սկսել տալ՝ չսպասելով պատասխանի:

2. Ձեզանից ո՞վ է իր կյանքում սղոցել տաշեղները: Իհարեկ ոչ մեկ չի կարող սղոցել տաշեղները, քանի որ դրանք արդեն իսկ սղոցված են: Նույն կերպ է անցյալի հետ: Երբ դուք սկսում եք անհանգստանալ բաների մասին, որոնք վաղուց անցել են, դուք զբաղված եք նրանով, որ սղոցում եք տաշեղները:

3. Եթե ցանկություն կառաջանա փոփոխել մարդկանց՝ սկսիր քեզնից: Դա և օգտակար է և անվտանգ:

4. Կնոջ դեմքի արտահայտությունը շատ ավելի կարևոր է, քան հագուստը:

5. Մարդու սրտին ամենակարճ ճանապարհը՝ դա զրույցն է նրա հետ այն մասին, թե ամենից առաջ ինչն է գնահատում:

Աննա Սրապիոնյան




Լրահոս