
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ:
Նա հայտարարել է, որ իր առաջնորդած «Նոր ուժ» կուսակցության անդամները կշրջեն Երեւանում, որպեսզի անհրաժեշտ ստորագրություններ հավաքեն՝ չեղարկելու տրանսպորտի թանկացման նախագիծը։
«ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։
Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը»,-հայտարարել է Մարությանը:
Հայկ Մարությանի խոսքով՝ պատրաստվում են տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքել, որպեսզի Երեւանի ավագանուց պահանջեն՝ տրանսպորտի 1 ուղևորատոմսը լինի 100 դրամ։
Հավաքագրված ստորագրությունները ներկայացվելու են տարվա ամենավերջին ավագանու նիստում։
Քրիստինա Մուշեղյան