ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը դադարեցրել է «Մեդիահաբ» ՍՊԸ-ին պատկանող MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, եւ նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել:
Մինչ հրապարակումը «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Ազգային Ժողով՝ դեպքին առնչվող մանրամասներն իմանալու համար։ Ազգային Ժողովից ստացել ենք դեպքի մասին հետևյալ մանրամասնությունները։
««Մեդիահաբ» ՍՊԸ-ին պատկանող MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանը 31․10․2024 թվականին Ազգային Ժողովի տարածքում, մասնավորապես՝ Ազգային Ժողովի ճաշարանի նախասրահում և դրան հարակից միջանցքում, մոտեցել է Ազգային Ժողովի նախագահին․ սադրող հարցադրումներ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետի անձի և վերջինիս նախկին լրագրողական գործունեության վերաբերյալ։ ԱԺ նախագահը Վահե Մակարյանին հորդորել է չշարունակել խոսակցությունը, պահանջել է չվիրավորել ՀՀ վարչապետին, որին ի պատասխան՝ Վահե Մակարյանը բղավել է, անպարկեշտ արտահայտություններ արել նաև ԱԺ նախագահին հասցեագրված»։
ԱԺ աշխատակազմից ուղարկված պատասխանում, հղում անելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րր մասին, ինչպես նաև «ՀՀ ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» օրենքի 17-րդ կետի 3-րդ ենթակետով, ՀՀ ԱԺ աշխատակազմը որոշեց դադարեցնել «Մեդիահաբ» ՍՊԸ-ին պատկանող MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը։
Հետաքրքիրն այն է, որ պատասխանում իրավիճակը ներկայացված է միակողմանի։ Հարցական է՝ինչու չկա, թե Ալեն Աիմոնյանը բացի զսպվածության կոչից, ուրիշ ինչ քայլեր է արել։ Լրագրողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ ունեցած զրույցում պատմել էր, որ ԱԺ նախագահը հայհոյել է իրեն և դրսևորել է խուլիգանական պահվածք։ Սրան զուգահեռ ԱԺ պատասխանում դատապարտվում է միայն լրագրողի պահվածքը։
Հարկ է նշել, որ այն խրախուսելի չէ, սակայն, պետք է նշել, որ ոչ մի իրավապահ կառույց ԱԺ նախագահի պահվածքին չի անդրադառնում։ Ստացվում է, որ անպատժելիությունը դարձել է ՀՀ իշխանությունների օրակարգը։
Էմմա Միքայելյան