ՔՊ-ն այս շաբաթ վարչության երկու նիստ կանի. ինչ հարցեր են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կանի:

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ներքաղաքական բնույթի որոշ հարցեր կան քննարկելու:

Արդեն վաղը ՔՊ վարչությունը հերթական նիստը կանի:

Վաղը նախատեսված նիստին ՔՊ վարչությունը կքննարկի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ:

ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՔՊ նիստին շուրջ 40 ՔՊ-ական ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքի հետ կապված։

ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանին պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ է՝ տհաճ արտահայտություններ է հնչեցնում իր թիմակիցների վերաբերյալ, մշտապես կոնֆլիկտներ է ստեղծում, բոլորի հետ բղավելով է խոսում և ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին մեղսագրում է կոռուպցիայի մեջ թաթախված լիելու կամ անբարոյականության մեջ։

Երեկ ՔՊ նիստին մասնակիցները Նիկոլ Փաշինյանին ասել են, որ Անդրանիկ Քոչարյանը, լինելով այդ կարևոր հանձնաժողովի նախագահ, փոխարենը զսպվածություն ցուցաբերի, մշտապես կոնֆլիկտների մեջ է մտնում թե՛ իր թիմակիցների, թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների հետ։

Ահա այս բողոքները ներկայացնելուց հետո, ՔՊ-ականները նշել են, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է պաշտոնանկ արվի։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ պաշտոնանկության նախաձեռնողները ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրելյանը և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն են։




Լրահոս