«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել: Ու սա այն դեպքում, երբ նա զբաղվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկով. Համբարձումյանին պատկանող «Սլավա գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլեւ հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարս»-ի, «Նեսթլե»-ի եւ այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Վերջերս էլ նա Սերժ Սարգսյանի հետ «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնի բացմանը մասնակցեց: Սակայն նրա ունեցվածքը փաստաթղթերով ընդամենը 1մլն 122 հազար 150 դրամ գումար է: Իսկ որպես եկամուտ, նա հայտարարագրել է տարեկան 3.1մլն դրամ աշխատավարձ ու 4 մլն դրամ նվիրատվություն: Համբարձումյանը հայտարարագրել է նաեւ մեկ անշարժ գույք: Պարզվում է՝ այն «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենան, որով շրջում է Համբարձումյանը, իրենը չէ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: