«168 ժամ» թերթը գրում է. ««Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ուզում է Ղարաբաղը միացնել իրեն, որովհետեւ դա նշանակում է Ադրբեջանին դարձնել մշտական թշնամի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով ԼՂ հակամարտության սկզբնական շրջանում գործուն մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին:
Նրա խոսքերով` Ռուսաստանը «Հայաստանին տալիք չունի եւ այնքան առնելիք էլ չունի, քանի որ «ինչ որ պետք է, արդեն տվել ու առել է, եւ այժմ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին կարգի բերել, այսինքն` մտցնել ռուսական ազդեցության գոտու մեջ:
«Ռուսաստանը դա չի կարողանա անել, եթե վերցնի Ղարաբաղը` որպես Ռուսաստանի մաս կամ ընդունի ներկա կարգավիճակը եւ այն օրինականացնի: Իրեն պետք է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, որը ԼՂ-ն կպահի իր հակակշռի տակ, բայց առանց արձանագրելու, որ վերցրել է Ադրբեջանից: Դրանից հետո կբանակցի Ադրբեջանի հետ, նրանից կստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է եւ Ադրբեջանին կտա այն, ինչ Ադրբեջանին պետք է… Ես հաստատ չեմ կարող ասել, բայց երկար տարիներ բանակցությունների մեջ եմ եղել, զբաղվել եմ այս հարցով, հետո 15 տարի շարունակել եմ ուսումնասիրել, եւ որքան մտածում եմ, հստակ է, որ նրանք տարածքները տալու են, Լաչինն իրենք են վերցնելու եւ գործածելու են պաղ ու տաք ծորակի նման,- մասնավորապես նշել է Ժ. Լիպարիտյանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: